Հովիվ Արթուր Սիմոնյանը սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին՝ ամփոփելով անցնող տարին և խոսելով 2017 թվականին եկեղեցուն սպասվող ծրագրերի մասին: Մեր խնդրանքով նա կիսվեց նաև, թե ի՞նչն է իրեն ուրախացնում և տրտմեցնում եկեղեցում, ի՞նչ երազանք ունի իր սրտում, և ո՞րն է ժամանակակից քրիստոնեության գլխավոր մարտահրավերը:

1. Հովիվ Արթուր, ինչո՞վ առանձնացավ 2016 թվականը եկեղեցու համար, ինչի՞ մեջ ուժեղացավ, կամ ինչերի՞ մեջ դեռ պետք է ավելի ուժեղանա:

Կարծում եմ` եկեղեցին շատ ուժեղացել է հովվական և հոգևոր առաջնորդության ուղղությամբ, ինչպես նաև` կազմակերպչական առումով: Մենք ավելի ենք ուժեղացրել մեր աղոթքները: Շատ զարգացել է փառաբանության խումբը: Նախկինում ունեինք փառաբանության մեկ խումբ, իսկ այժմ` չորս, և այդ բոլոր խմբերն էլ գնալով ավելի են զորանում, իսկ դա հոգևոր աստիճանի ցուցանիշ է:

Ուժեղացել է հոգևոր ուսուցումը, Աստվածաշնչյան դպրոցը, որը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Ուսանողների մեջ տեսնում եմ մեծ ձգտում դեպի հոգևորը, պարգևների մեջ մտնելը, քանի որ նրանց վրա մեծ ազդեցություն են թողել քարոզները:

Իհարկե, շատ ուժեղ է աշխատակազմը, որը պատրաստ կանգնած է աշխատելու, տեսիլքի մեջ շարժվելու և ապագան կառուցելու համար: Ի դեպ, եկեղեցու գրասենյակը հիմա տեղափոխվում է եկեղեցու շենք, որպեսզի մարդկանց հետ հաղորդակցումը և աշխատանքային  պրոցեսը լինեն ավելի արդյունավետ:

Չեմ կարող չնշել, որ ահռելի աշխատանք է կատարում գթության ծառայությունը, հատկապես՝ գյուղերում:

Ուժեղ առաջընթաց է վերապրում միսիան։ Այս տարի Լիբանանում բացվեց Աստվածաշնչյան դպրոց, որտեղ ունենք լավ ուսանողներ։

Կարծում եմ` մենք առաջ ենք շարժվել նաև որակի առումով: Եկեղեցու շենքի ստորին հարկի շինարարական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Մենք գրեթե լիովին պատրաստ ենք մանկական և պատանեկան հավաքույթներ անցկացնելուն, պատրաստ ենք 24-ժամյա ծառայություններին, ինչը կհռչակենք և կսկսենք 2017 թվականին:

Այսինքն, չնայած տնտեսական խնդիրներին և ճգնաժամին՝ եկեղեցին կարողացավ ներդրում կատարել, որպեսզի վերջացնենք ստորին հարկը։ Որպես հովիվ` ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել եկեղեցու բոլոր անդամներին, ովքեր չթուլացան իրենց ջանքի մեջ: Դրա շնորհիվ այժմ մենք պատրաստ ենք ավելի շատ աշխատանքներ անելուն:

Այս ամենն, իհարկե, մի մասն է, որ ես նշում եմ, բայց եթե առանձին-առանձին նայենք, յուրաքանչյուր մասն էլ ուժեղացել է:

Բնական է անցնող տարում եղել են նաև խնդիրներ, բայց կարծում եմ՝ մենք դրանցից հաղթանակով ենք դուրս եկել և տեսել ենք Աստծո փառքը:

2. Ի՞նչ տարի է հռչակված 2017 թվականը եկեղեցու համար:

2017 թվականը մեզ համար կլինի պարգևների տարի: Անցնող տարին հայտարարված էր Գործք Առաքելոցի տարի, իսկ պարգևները դրա շարունակությունն են:

Պարգևների տարի, որպեսզի եկեղեցին լցված լինի ծառայության հինգ պարգևներով, լինեն սարկավագներ, երեցներ, եպիսկոպոսներ, նաև Հռոմեացիս 12-րդ գլխում նշվող պարգևները՝ մխիթարող, բաշխող և այլն: Յուրաքանչյուր մարդ պետք է գտնի իր պարգևը և ծառայի Տիրոջը:

Մենք իսկապես շատ ենք ցանկանում, որ պարգևները լինեն, աճեն, զորանան, և դրա համար մենք դպրոցներ ենք ստեղծելու: Իսկ դրան զուգահեռ սպասելու ենք եկեղեցում Սուրբ Հոգու պարգևների թափվելուն, հրաշքներին: Եվ հրաշք ասելով՝ ես նկատի չունեմ միայն բժշկությունը, այլ ամեն բնագավառի հրաշքներ:

3. 2017 թվականի համար եկեղեցու գլխավոր տեսիլքներից է աղոթքի և փառաբանության 24ժամյա ծառայությունը. ի՞նչ փուլում է այդ ծառայության ձևավորումը:

Այո, 2017 թվականին մենք ցանկանում ենք սկսել 24-ժամյա ծառայությունը: Սկզբում գուցե չկարողանանք շուրջօրյա փառաբանություն ապահովել, բայց 24-ժամյա ուսմունք, աղոթք և փառաբանություն կկարողանանք:

Ես համոզված եմ, որ սա մի նոր դաշտ է, որտեղ մենք մուտք ենք գործում: Դեռ չգիտենք, թե ինչպես կլինի, բայց, փա՛ռք Աստծուն, ողջ եկեղեցին պատրաստ է մտնելու այդ տեսիլքի մեջ:

Ես չեմ կարծում, որ 24 ժամ շարունակ կլինեն հարյուրավոր մարդիկ, ովքեր կաղոթեն ու կփառաբանեն, բայց գլխավոր նպատակն այն է, որ տաճարում լույսը չմարի. գոնե երկու, երեք կամ տասը հոգևոր լույս կվառվեն, որտեղից աղոթք կբարձրանա դեպի Տիրոջը: Եվ այս մշակույթը կձևավորվի մեզ մոտ, ապա կքայլի դեպի Մերձավոր Արևելք և, հավատում ենք՝ ողջ աշխարհով մեկ:

4. Որպես հովիվ՝ ի՞նչն է Ձեզ տրտմեցնում կամ ուրախացնում եկեղեցում:

Եկեղեցում ինձ ուրախացնում են հավատացյալները, ովքեր հավատարիմ գալիս են աղոթքների, ծառայությունների, պահում են Աստծո Խոսքը: Եվ երբ աշխարհիկ մարդիկ են վկայում նրանց մասին, թե ինչ լավն են և ինչ գործեր են անում մեր եկեղեցու անդամները, ես պարզապես հպարտանում և ուրախանում եմ:

Ուրախանում եմ եկեղեցու բոլոր հաջողություններից, անգամ մի փոքր լամպ, որ դրվում է, անգամ մի նկար, ցանկացած փոքրիկ դետալ, որն անհրաժեշտ է եկեղեցուն և գեղեցկացնում է այն, ուրախացնում է ինձ:

Ինձ համար ուրախություն է, երբ եկեղեցական ծառայություններին տեսնում եմ առաջին անգամ եկած մարդկանց, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ: Ինձ շատ է ուրախեցնում նաև մարդկանց ջերմեռանդությունը:

Իսկ տրտմեցնում է այն, որ եկեղեցում կան մարդիկ, ովքեր լավ չգիտեն Խոսքը, ակտիվ չեն աղոթքի կյանքում, հազվադեպ են այցելում եկեղեցական ծառայություններին: Սա ինձ իսկապես տրտմեցնում է:

Շաբաթ և կիրակի օրերին մենք ունենում ենք երկու եկեղեցական հավաքույթ, բայց մեր եկեղեցու անդամների քանակով կարող ենք ունենալ երեք լեցուն դահլիճով ծառայություններ: Աղոթում ենք ու սպասում, որ մարդիկ ցանկանան գալ հավաքույթներին, ծառայություններից հետո շփվեն իրար հետ, միասին վերապրեն Աստծո ներկայությունը, ոչ միայն տնային խմբակներում, այլև եկեղեցում:

Ինձ տրտմեցնում է նաև մարդկանց սոցիալական վիճակը, որ հաճախ մարդիկ չեն մասնակցում ծառայություններին ֆինանսի կամ հագուստի բացակայության պատճառով:

5. Հովիվ Արթուր, ո՞րն է Ձեր երազանքը Հայաստանի և առհասարակ հայության համար:

Ուզում եմ, որ ամեն հայ մարդ փրկված լինի: Ես հավատք ունեմ, որ մեր ողջ ազգը փրկված ազգ է լինելու: Եթե ուրիշներն ասում են՝ ազգի որոշակի տոկոսը, ապա ես հավատացած եմ՝ Տիրոջ կամքն է, որ ամբողջ ազգը փրկված լինի:

Սա իմ տեսիլքն է, իմ երազանքն է, որով ես քայլում եմ, և ոչ ոք չի կարող մեղադրել ինձ սրա համար: Եվ այդ պատճառով շատ կարևորում եմ Քրիստոս քարոզել մեր ազգի մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Դրա համար մենք սկսել ենք հիմնել հայկական ծառայություններ, եկեղեցիներ, և սա շարունակվելու է ապագա տարիների ընթացքում:

Այժմ ունենք մոտ 100 եկեղեցի, բայց մեր նպատակն է հասնել 250 եկեղեցու, որտեղ քարոզները, փառաբանությունը, աղոթքը կլինեն հայերեն, և նույնպես մայրենի լեզվից կտրված երեխաներին կսովորեցնենք հայերեն գրել-կարդալ: Ես հավատում եմ՝ այդ եկեղեցիներում կփրկվի մեր ազգը:

6. Ըստ Ձեզ՝ ժամանակակից քրիստոնեության մեջ ի՞նչ մարտահրավերներ կան, ինչի՞ց պետք է խուսափել, և ի՞նչն ավելի խրախուսել:

Ես կարծում եմ, որ ժամանակակից քրիստոնյաների մարտահրավերը չաշխարհիկանալն է: Ես նկատել եմ նման միտում, որ քրիստոնյաներն աշխարհիկանում են, հատկապես՝ երիտասարդները, ովքեր հոգեպես թուլանում են և իրենց թույլ են տալիս այնպիսի բաներ, որոնք հակասում են Աստծո Խոսքին:

Օրինակ՝ Տիմոթեոսին ուղղված թղթում առաքյալը հորդորում է, որ չլինենք կռվասեր, իսկ այսօր շատ տղամարդիկ սիրում են վիճաբանել: Աստծո Խոսքն ասում է, որ չնախանձենք, չբամբասենք, չատենք, բայց տեսնում ենք, որ ժամանակակից քրիստոնյաների մեջ այդ ամենը կա:

Հաճախ մարդիկ մտածում են, որ եթե շնության մեջ չեն, ուրեմն իրենք հոգևոր են, բայց ո՛չ, դա այդպես չէ: Հոգևոր մարդը դրսևորվում է ամբողջ Ավետարանի մեջ քայլելով, երբ Քրիստոսն ու Ավետարանը նրա սրտում են: Եվ մարդիկ տեսնում են պտուղը, որ նա լցված է զարմանալի ուրախությամբ, խաղաղությամբ և սրբությամբ. հավատում եմ, որ սրան պետք է հասնենք: Իսկ աշխարհիկացումը տապալում է և՛անձին, և՛եկեղեցուն:

Այնպես որ, իմ խորհուրդն է քրիստոնյաներին՝ դուրս գան աշխարհիկացումից և քայլեն դեպի Ավետարանը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: