«Քայլենք հավատքով» խորագրով համաժողովի առաջին օրվա ծառայության խոսնակը Լոս Անջելեսի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Լեոնիդ Մալկոն էր: Նրա պատգամը վերաբերում էր կյանքում հանդիպող տարբեր արկածներին:

Հնարավոր չէ ապրել կյանքն առանց դժվարությունների: Հովիվ Լեոնիդը հորդորեց ցանկացած  երևույթի  դիտարկել որպես արկած, որը երբեմն կարող է շատ տարօրինակ լինել:

«Որքան վախերի, ապրումների, «հրդեհների» ենք դեռ հանդիպելու կյանքում, բայց ինչ իրավիճակում էլ հայտնվեք, միշտ հիշե՛ք, որ կա Մեկը, որ այդ կրակոտ արկածի ընթացքում ձեզ հետ է: Որտե՞ղ կերևա հավատքն ու հաղթանակը, եթե չլինեն պայքարն ու պատերազմները:»,-  ասաց հովիվ Լեոնիդը:

Եսայի մարգարության մեջ ասվում է. «Եվ  հիմա այսպես է ասում Տերը՝  քո Ստեղծողը, ով Հակոբ, և  քո Արարիչը, ով Իսրայէլ. Մի վախենա,  որովհետև ես քեզ փրկել եմ,  քո անունով կանչել եմ, թե դու իմն ես։ Երբոր ջրերիցն անցնես,  ես քեզ հետ եմ, և եթե գետերով՝ նրանք քեզ չեն ողողի.  երբոր գնաս կրակի միջովը, չես այրվի, և  բոցը քեզ պիտի չվառի։  Որովհետև ես Տերս քո Աստվածն եմ» (Եսայա 43:1)

Երբեմն դժվարությունները թույլ չեն տալիս մեզ լսել Տիրոջ ձայնը: Սակայն, հովիվ Մալկոն հորդորեց հետևել Հովսեփի ու Տեր Հիսուսի օրինակներին:

«Երբ  ծանր իրավիճակի մեջ ես, երբ շուրջ բոլորդ կրակ է, շարունակի՛ր հավատարիմ մնալ Տիրոջը, ընտանիքիդ, եկեղեցուդ, մարդկանց: Մերժի՛ր չարը և ընտրի՛ր բարին:»,- ասաց հովիվ Լեոնիդը:

Համաձայն Աստծո Խոսքի՝ Տերը երբեք մեր ուժերից վեր մեզ չի փորձում: Մեր կյանքում հանդիպած իրավիճակները անհաղթահարելի չեն: Դրանք կյանքում հաղթանակներ ունենալու, հավատքն ամրացնելու և ուրիշներին օգնելու համար են: Աստված ցանկացած փորձության հետ ելք էլ է պատրաստում:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: