«ՔԱՅԼԵՆՔ ՀԱՎԱՏՔՈՎ» ՀԱՄԱԺՈՂՈՎ, ՕՐ 3-ՐԴ

«Քայլենք հավատքով» ամենամյա համաժողովն արդեն մոտենում է ավարտին: Երրորդ օրը՝ հունիսի 27-ին, մենք ունեցանք միայն մեկ ծառայություն, որի խոսնակն աշխարհահռչակ ավետարանիչ Կարլ Գուստավ Սևերինն էր:  Ինչպես միշտ ավետարանիչը  իր քարոզով կարողացավ մարդկանց հասցնել և՛ գեղեցիկ հումոր, և՛ նորանոր հայտնություններ:

Հովիվ Սևերինը մեջբերեց 121-րդ սաղմոսից խոսքեր և քարոզեց այն մասին, որ չսևեռվենք մեր խնդիրների վրա, նայենք Աստծուն,  ով կզորացնի և նոր ուժ կտա մեզ:  Մենք ստեղծված ենք հաղթանակների համար: Հովվի խոսքով՝ մեր ծնունդն արդեն իսկ մեծագույն հաղթանակ է:

 «Մենք Հիսուս Քրիստոսի շնորհիվ ավելին ենք, քան պարզապես հաղթող: Եթե տեսնեք այն հաղթանակը, որը Հիսուսն է մեզ տվել,  այլևս երբեք ներքև չեք նայի»,- ասաց ավետարանիչը:

Ծառայության վերջում քարոզիչը աղոթեց ներկաների համար, ինչից հետո համաժողովի հյուրերը մեզ հետ զրույցում կիսվեցին իրենց տպավորություններով.

Նոյաբրսկի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Սերգեյ Զուևի խոսքերով վերջին ծառայությունը շատ ոգեշնչող էր.

 -Տպավորություններն ամենադրականն են, հատկապես այս վերջին ծառայությունից հետո: Մեծ օրհնություն էր լսել Կարլ Գուստավին: Զգում էիր, թե ինչպես է ներսումդ  ինչ-որ բան փոխվում, բարձրանում: Մնում է այդ ամենը սկսենք կյանքում օգտագործել,- ասաց նա:

-Հնարավոր չէ գտնվել Հայաստանում և չունենալ ամենալավ տպավորությունները: Հայաստանում ամենալավ մարդիկ են, ամենալավ եկեղեցին է: Շնորհակալ ենք ձեզ,- ասաց Սերգեյ Նեպոմնիշիխը:

-Շատ օրհնված ենք, որ այստեղ ենք: Արձակուրդներ էին, որոշեցինք ներկա լինել  կոնֆերանսին: Կարող եմ ասել՝ ավելի քան օրհնված ենք: Տերը անում է ավելին, քան մենք ուզում ենք: Տարբեր քարոզիչներ, շատ հայտնություններ…  Հիմա լցված և օրհնված պետք է գնանք և շարունակենք: Եվ ես հավատում եմ, որ ավելի հզոր կերպով և նոր թափով  կշարունակենք Աստծո գործը,- ասաց Սոչիի «Տապան» եկեղեցու հովվի օգնական Կարեն  Ավանեսյանը:

Իսկ Պենզա քաղաքի «Կյանքի Խոսք»  եկեղեցու հովիվ Սամվել Գրիգորյանը, ով նույնպես տպավորված էր  համաժողովով, նշեց, որ իր սպասումը միայն Տիրոջ հետ հանդիպումն է, Նրան սրտով, մտքով և հոգով տեսնելը: «Ես գիտեմ, որ այս եկեղեցում դա շատ հեշտ է ստացվում»- ավելացրեց հովիվ Սամվել Գրիգորյանը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: