«ՔԱՅԼԵՆՔ ՀԱՎԱՏՔՈՎ». ՕՐ 2-ՐԴ

Զորավոր Խոսք, քաջալերող պատգամներ, հրաշալի մթնոլորտ. հենց այսպես էլ ընթանում  է մեր ամենամյա համաժողովը, որի շրջանակներում  սովորում ենք ծառայել, երազել,  և քայլել հավատքով:

Համաժողովի երկրորդ օրը սկսվեց Կալինինգրադի «Ճշմարտություն» եկեղեցու փառաբանությամբ, ինչից հետո քարոզեց  Տիրոջ զորավոր ծառա, «Ելից» եկեղեցու հովիվ Էդուարդ Դերյոմովը:

Համաձայն հովվի պատգամի՝ մենք կրում ենք մեղավոր բնույթ, ինչի հետևանքով մեր ենթագիտակցության մեջ սերունդ առ սերունդ ձևավորվել են սխալ պատկերացումներ կյանքի տարբեր երևույթների վերաբեյալ: Մեր պատկերացումները կազմում են «հոգևոր ԴՆԹ», որը, սակայն, աղճատված է:

Տիրոջ Խոսքում ասվում է. «Եւ ես իջա բրուտի տուն, եւ ահա նա բան էր անում ճախարակների վրա: Եւ ավերվեցավ այն ամանը, որ նա շինում էր, ինչպես բրուտի ձեռքի կավին պատահում է, եւ նա դարձավ ու մի ուրիշ աման շինեց, ինչպես որ բրուտի աչքին հաճելի էր անելու։  Եւ Տիրոջ խոսքն եղավ ինձ ասելով.  Մի՞թե ես չեմ կարող  այս բրուտի պես անել ձեզ, ով Իսրայէլի տուն, ասում է Տերը. Ահա  ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես եք դուք իմ ձեռքին, ով Իսրայէլի տուն» (Երեմիա 18:3-6): 

Մեր երկնային Հայրն այսօր էլ պատրաստ է վերականգնել մեզ, ինչպես Իր աչքին է հաճելի: Նա պատրաստ է Իր պատկերացումներն ու «ԴՆԹ-ն» դնել մեր սրտում:

«Աստված նայում է քեզ իր նպատակների տեսանկյունից: Նա քեզ ստեղծել է Իր նպատակների համար: Նա ստեղծել է քեզ ուրիշներին օրհնություն լինելու համար»,- ասաց հովիվ Դերյոմովը:

Նա  կոչ արեց աղոթել մարդկանց մեղավոր բնույթի փոփոխման համար: «Ես հավատում եմ, որ  Հայաստանի հոգևոր ԴՆԹ-ն փոխվելու է, մարդկանց բնույթն է փոխվելու: Երբ շտապում ենք, ամեն բան մարմնապես ենք անում, բայց  երբ Տիրոջից ենք ծնվում, մեզանում Հիսուսի ԴՆԹ-ն է դրվում:  Մենք երազում ենք,  կերտում ճիշտ կերպարներ: Եվ մենք կարողանում ենք ասել, որ ոչ թե մենք ենք ապրում, այլ Հիսուսն է ապրում մեր  ներսում, Հիսուսի ԴՆԹ-ն է մեր  ներսում»,- ասաց հովիվը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: