«Քո հավատքը կարող է փոխել կացությունդ».Մաթս-Օլա Իսհոել

Հունվարի 30-ի և 31-ի եկեղեցական ծառայություններին քարոզեց Մոսկվայի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Մաթս-Օլա Իսհոյելը:

«Իմ աղոթքն այսօր այն է, որ քո կյանքում ամեն երկչոտություն հաղթահարված լինի, և դու հասկանաս, որ կարևոր մեկն ես: Տերը սիրում է քեզ, ուրախանում է քեզնով, առաջնորդում և զորացնում է»,- այսպես սկսեց խոսքը հովիվ Մաթս-Օլան և Ղուկասի Ավետարանից մեջբերեց արնահոսող կնոջ պատմությունը:

Երբ արնահոսող կինը դիպավ Հիսուսին, նա ոչ միայն բժշկվեց ֆիզիկապես, այլև ազատագրվեց երկչոտությունից:

«Միգուցե նա մտածում էր, թե իր հավատքը շատ փոքր է, բայց Տերն ասում է, որ մանանեխի հատի չափ հավատքի դեպքում նույնիսկ սարեր կշարժենք: Արնահոսող կնոջ հավատքը սարեր շարժեց, և ես հավատում եմ, որ Քրիստոսի հետ այդ հանդիպումից սկսած իր կյանքն արմատապես փոխվեց,- ասաց Մաթս-Օլան՝ շարունակելով,- քո հավատքը կարող է փոխել աշխարհը և կացությունդ. դու Աստծո որդի՛ ես»:

Քրիստոնյայի կյանքը պատերազմ է: Այդ պատերազմում Տերը մեզ չի մոռացել և չի կամենում, որ մտածենք, թե մենակ ենք կամ անտեսված: Հովիվ Մաթս-Օլան հորդորեց հրաժարվել սխալ մտքերից և համարձակ լինել:

Աստծո աչքերում մեր արժեքը պայմանավորված չէ տարիքով, ծագումով կամ ապրելու վայրով: Մենք կրում ենք Աստծո անունը: Տերը գտավ մեզ, երբ կորած էինք, և մեզ զավակ է կանչում: Նա դրել է մեր ներսում տաղանդներ և պարգևներ, որոնք անհրաժեշտ է զարգացնել և Իր փառքին ծառայեցնել:

«Հիսուսն ամեն ժամանակ ասում է՝ Ես սիրո՛ւմ եմ քեզ, Ինձ համար դու լավագո՛ւյնն ես: Եվ այս աշխարհը քո՛ կարիքն ունի»,- եզրափակեց հովիվ Մաթս-Օլան:

Եկեղեցական ծառայության տեսագրությունը կարող եք դիտել այստեղ.

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: