2015 տարի առաջ Հիսուսը խաչվեց հենց քե´զ համար: Խաչվեց, իսկ 3-րդ օրը հարություն առավ: Այսօր պատմական այս մեծ իրողությունը հիշվում և նշվում է որպես աշխարհի ամենասիրված ու սպասված տոն: Ի վերջո, Քրիստոսն Իր հարությամբ մեզ պարգևեց նոր կյանք:

Այս կապակցությամբ տոնական տրամադրությունը գերիշխող էր նաև մեր եկեղեցում:

Ապրիլի 3-ին տեղի ունեցավ անդամական ծառայություն, որի ընթացքում համառոտ ներկայացվեցին եկեղեցում գործող ծառայությունները, ինչպես նաև` ֆինանսական հաշվետվություն: Հարության տոնին ընդառաջ մենք ընդունեցինք նաև սուրբ հաղորդություն:

Հովիվ Արթուր Սիմոնյանը, ով ապրիլի 4-ին և 5-ին անցկացրեց եկեղեցական ընդհանուր ծառայությունները, խոսեց Զատկի խորհրդի մասին:

«Դե´ն գցեք հին խմորը, որ նոր զանգված լինեք, ինչպես որ անխմոր եք, որովհետև մեր Զատիկը մորթվեց մեզ համար` Քրիստոսը։ Ուստի տոն կատարենք ոչ թե հին խմորով, և ոչ էլ չարության և անզգամության խմորով, այլ մաքրության և ճշմարտության չխմորվածով» (Ա Կորնթ. 5.7,8):

Եթե չլիներ Զատիկը, մենք չէինք կարողանա դուրս գալ «Եգիպտոսի երկրից»: Մենք ապրում ենք մեռնող աշխարհում, սակայն Քրիստոսի հարությամբ մահը կորցրեց իր զորությունը, իսկ մենք ստացանք հարության կյանք: Հովվի խոսքով` սա օր է, երբ մենք, թողնելով հինը, կարող ենք դառնալ Աստծո երազանքների մարդը:

Այս օրերին մեր հյուրն էր հրաշալի երգիչ Աբրահամ Տաշչյանը, ով կատարեց փառաբանության հիասքանչ երգեր:

Հովիվ Արթուրը, խոսելով նաև Հիսուսի երկրային կյանքից, ներկայացրեց Նրա փորձություններից մեկը (տե´ս Մատթ. 4.8-10): Նրա խոսքով` կգա ժամանակ, երբ մենք էլ  փորձության կհանդիպենք: Սակայն, կարևորն այդ ժամանակ չի լինի այն, թե որտեղ ենք կամ ինչ փորձության մեջ ենք հայտնվել, այլ` կարևորը կլինի այն պատասխանը, որը կտանք:

«Մենք կանչված ենք Աստծուն երկրպագելու համար»,- ասաց հովիվ Արթուրը և կոչ արեց` օրը սկսել Տիրոջը երկրպագելով:

Ապրիլի 5-ին տեղի ունեցավ նաև երիտասարդական ծառայություն, որի ժամանակ հովիվ Արթուրը կրկին խոսեց Զատկի խորհրդի մասին: Նա կոչ արեց նաև` չկառչել շրջապատի կարծրատիպերից և չվախենալ տարբերվելուց. Աստված յուրաքանչյուրիս առանձնահատուկ է ստեղծել:

Ծառայությունից հետո երիտասարդները չշտապեցին գնալ: Տոնի կապակցությամբ  պատրաստված էր համեղ հյուրասիրություն` զատկական ավանդական ճաշացանկով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: