1517թ. հոկտեմբերի 31-ին Մարտին Լյութերը Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի եկեղեցու դռանը փակցրեց իր հայտնի 95 թեզիսները։ Սկիզբ առավ Բողոքական Ռեֆորմացիան, որի գլխավոր կարգախոսն էր` վերադարձ դեպի արմատները` դեպի Քրիստոսի և առաքյալների անաղարտ վարդապետությունը:

Ռեֆորմացիայի հիմնական սկզբունքներն էին.

  1. Միայն գրվածքները (sola scriptura)

      2. Միայն հավատքով (sola fide)

      3. Միայն շնորհով (sola gratia)

      4. Միայն Քրիստոսով (solus Christus)

      5. Միայն Աստծուն փառքը (soli Deo gloria)։

Հետագայում հոկտեմբերի 31-ը ճանաչվեց որպես Ռեֆորմացիայի միջազգային օր:

Քրիստոնեության այս ազդեցիկ ուղղությունը՝ բողոքականությունը, իր հետ բերեց գլոբալ արդյունքներ։ Ահա դրանցից մի քանի հիմնականները.

       • Միջնադարյան եկեղեցում տարածում գտած արատավոր երևույթներից ձերբազատում

       • Պաշտամունքի պարզեցում, ավետարանական արմատների վերականգնում, հավատացյալների հոգևոր կյանքի նորոգում

       • Սուրբ Գրքի թարգմանություն ազգային լեզուներով և զանգվածային տարածում

       • Միսիոներական գործունեության աննախադեպ ծավալում

       • Կրթական օջախների ստեղծում և կրթական մակարդակի բարձրացում

       • Ժողովուրդների ազգային ինքնագիտակցության բարձրացում

       • Նոր աշխատանքային էթիկայի մշակում և կապիտալիստական տնտեսական կարգի հիմքերի ձևավորում

      • Խղճի և դավանանքի ազատության գաղափարի մասսայականացում:

Նպատակ չունենալով իդեալականացնել Բողոքական Ռեֆորմացիան, այդուհանդերձ, կարող ենք վստահաբար ասել, որ այն քրիստոնեական եկեղեցու հզորագույն բարենորոգչական շարժում էր, որի արդյունքները ոչ միայն երկրորդ շնչառություն հաղորդեցին քրիստոնեությանը, այլև մեծապես բարեկարգեցին Եվրոպան։

Ռեֆորմացիայի հայրերը` ինչպես, օրինակ` Մարտին Լյութերը, ով հանդես եկավ ընդդեմ եկեղեցական արատավոր երևույթների, Ժան Կալվինն ու Ուլրիխ Ցվինգլին, ովքեր հսկայական ազդեցություն թողեցին ֆրանսախոս Եվրոպայում, անթերի մարդիկ չէին, բայց Աստծուն և իրենց գործին անմնացորդ նվիրված ծառայողներ էին:

Նրանք չվախեցան հալածանքից, հետապնդումներից և անգամ մահից, որպեսզի եկեղեցին լինի բարեկարգված, հավատացյալները Քրիստոսին ունենան իրենց սրտում և Աստծուն պաշտեն հոգով և ճշմարտությամբ:

Ներկայումս բողոքական֊-ավետարանական հարանվանություններն իրենց ավելի քան 800 մլն հետևորդներով երկրորդն են Կաթոլիկ եկեղեցուց հետո։ Հայաստանում բողոքական քրիստոնեությունը ներկայացված է մի շարք հարանվանություններով, որոնց հետևորդների թիվը, տարբեր գնահատականներով, գերազանցում է 100 000-֊ը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: