Ապրիլի 26-ին Սանկտ Պետերբուրգում` Կոնստանտինյան պալատում, տեղի ունեցավ ԱՊՀ և Բալթյան երկրների քրիստոնեական միջհարանվանական խորհրդատվական կոմիտեի (ՔՄԽԿ) 5-րդ նստաշրջանը, որին հրավիրված էր մասնակցելու նաև Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչը:

ՔՄԽԿ-ն քրիստոնեական եկեղեցիների կողմից ստեղծված կառույց է, որն իր առջև դրել է արդի աշխարհում ավանդական ընտանեկան և համամարդկային արժեքների պաշտպանության խնդիր: Կոմիտեի կազմում ընդգրկված են հետխորհրդային տարածաշրջանի ուղղափառ, կաթողիկե, Հայ Առաքելական և բողոքական-ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ:

ՔՄԽԿ 5-րդ նստաշրջանին Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու լիազոր ներկայացուցիչը միջհարանվանական և պետաեկեղեցական հարաբերությունների հարցերով ավագ հովվի օգնական, մամուլի խոսնակ Արմեն Լուսյանն էր: Մեր խնդրանքով նա կիսվեց իր այցից ստացած տպավորություններով:

Արմեն, ո՞րն էր ՔՄԽԿ-ի նստաշրջանի գլխավոր թեման և ինչպես ընթացան համաժողովի աշխատանքները:

Նախ ասեմ, որ ինձ համար մեծ պատիվ և արտոնություն էր մեր ավագ հովվին և եկեղեցին ներկայացնել այնպիսի բարձր մակարդակի միջեկեղեցական համաժողովում, ինչպիսին Քրիստոնեական միջհարանվանական խորհրդատվական կոմիտեն է: Լինելով ամենաերիտասարդ պատվիրակներից մեկը` մեծ պատասխանատվություն էի զգում իմ ուսերին լիարժեք մասնակցություն բերելու համաժողովի աշխատանքներին:

Նստաշրջանի գլխավոր թեման էր՝ «Հավատքը և քաղաքացիական առճակատման հաղթահարումը. հարյուրամյակի արդյունքները»: Երկու լիագումար նիստերի, չորս «կլոր սեղան»-ների և ամփոփիչ նիստի ընթացքում հնչեցին տպավորիչ և բովանդակալից զեկուցումներ ու ելույթներ, ընթացան աշխույժ քննարկումներ առաջադրված հարցերի համատեքստում, ծավալվեց կառուցողական երկխոսություն վերջին մեկդարյա պատմության իմաստավորման և արդի մարտահրավերների հաղթահարման ուղիների շուրջ:

Վերջում միաձայն ընդունվեց ՔՄԽԿ-ի 5-րդ նստաշրջանի մասնակիցների ուղերձը, որն, ըստ իս, շատ լուրջ բովանդակություն ունեցող միջհարանվանական փաստաթուղթ է: Դրանում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխության հոգևոր պատճառներին և հետևանքներին, սկզբունքային և արդարացի պատմական գնահատական է տրվում Խորհրդային Միության հակաստվածային և հակաեկեղեցական քաղաքականությանը, քրիստոնյաների հալածանքներին և միլիոնավոր մարդկանց ճակատագրերի խեղմանը:

Վերածնունդ բնորոշումն է տրվում այն հոգևոր գործընթացներին, որոնք տեղի ունեցան Խորհրդային Միության փլուզումից հետո 1990-ական թվականներին, երբ բյուր բյուրավոր մարդիկ, Ավետարանի խոսքը լսելու հնարավորություն ստանալով, դարձի եկան Քրիստոսին և հաղորդակցվեցին քրիստոնեական հավատին:

Վերջում խոսվում է մերօրյա մարտահրավերների և քրիստոնեական եկեղեցիների առաքելության ու անելիքների, մասնավորապես` Արքայության Ավետարանը քարոզելու, մերձավորին սիրելու և բարի գործերով ծառայելու, աստվածային արժեքները տարածելու, մեղքի և գայթակղության ահագնացող ազդեցությունը հաղթահարելու մասին:

Դատելով պատվիրակների աշխարհագրությունից` կարող ենք պատկերացնել, որ այնտեղ ներկա էին քրիստոնեության բոլոր հիմնական ուղղությունների ներկայացուցիչները: Իսկ ինչպիսի՞ն էր հոգևոր մթնոլորտը, արդյոք չկայի՞ն միմյանց հասկանալու և իրար հետ հաղորդակցվելու դժվարություններ:

Ինձ համար ուրախալի էր այն հանգամանքը, որ անկախ եկեղեցական պատկանելությունից` մասնակիցները շատ բաց էին միմյանց հետ հաղորդակցվելու և աշխատելու համար: Բնական է` յուրաքանչյուր քրիստոնեական հարանվանություն ունի իր առանձնահատկությունները, բնորոշիչ գծերը, սակայն, ինչպես պատվիրակներից մեկը շատ դիպուկ նկատեց, այդ ամենը բնավ չխանգարեց, որպեսզի բոլորս խոսենք և շփվենք շատ ընկալելի մի լեզվով` քրիստոնեական սիրո լեզվով:

«Կլոր սեղան»-ներից մեկի քննարկումների ժամանակ ես անգամ արտահայտեցի տեսակետ, նույնիսկ ավելի ճիշտ կլիներ ասել` բարի ցանկություն, որպեսզի միջհարանվանական շփման և երկխոսության այսպիսի բարձր մշակույթն իր լիարժեք արտացոլումը գտներ տեղային, ազգային մակարդակում:

Այսպիսով` այդ օրը ՔՄԽԿ-ի աշխատանքներին յուրահատուկ բնույթ էր հաղորդում ոչ միայն Կոնստանտինյան պալատի վեհաշուք միջավայրը, այլև բոլոր մասնակիցների դրսևորած սիրո և հարգանքի եղբայրական վերաբերմունքը, ինչն այս համաժողովի հաջող և արդյունավետ ընթացքի գլխավոր գրավականն էր:

Ես շատ ջերմ զգացումներով եմ հիշում անգամ համաժողովի պաշտոնական մասից դուրս՝ ընդմիջումների ժամանակ տեղի ունեցած անձնական շփումները: Ինձ հարստացած էի զգում, ի մասնավորի՝ Հայ եկեղեցու պատվարժան հոգևորականների, ռուս ուղղափառ և կաթողիկե եկեղեցականների, լյութերական, մկրտական, ավետարանական հավատքի եկեղեցիների պատվելիների հետ զրույցներով:

Անկասկած` այս ամենը միջեկեղեցական շփման և երկխոսության անչափ գնահատելի ու արժեքավոր փորձառություն էր ինձ համար, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն:

Արմեն, իսկ կոնկրետ ի՞նչ եզրահանգումների եկավ համաժողովը բարձրացված հարցերի առնչությամբ:

Խոսելով անցած դարի աղետալի իրադարձությունների մասին` համաժողովի մասնակիցները համակարծությամբ արձանագրեցին, որ այդ ամենի պատճառներն արմատացած էին հասարակության զգալի մասի Աստծուց հեռանալու, հոգևոր-բարոյական ուղենիշների կորստի, քրիստոնյաների անմիաբանության, քրիստոնեական սիրո և այլ առաքինությունների սառչելու, սոցիալական հակասությունների խորացման և հասարակական տարբեր շերտերի միջև անհանդուրժողականության սրացման մեջ: Գաղատացիս թղթում առաքյալը պնդում է. «Ինչ մարդը ցանի, այն էլ կհնձի»:

Եկեղեցական պատվիրակները, անդրադառնալով խորհրդային տարիների զրկանքներին և հետապնդումներին, նշեցին, որ քրիստոնյաներն այդ ժամանակաշրջանում կիսեցին իրենց հայրենակիցների ճակատագիրը: Բանտերի և աքսորի անմարդկային պայմաններում անգամ նրանք փոխանցեցին Քրիստոսի շնորհած փրկության և հույսի ավետիսն այն մարդկանց, ովքեր անցնում էին նույն զրկանքներով: Ողբերգական իրադարձությունները երևան բերեցին սխրանքը նորօրյա քրիստոնյա նահատակների, որոնց արյունը դարձավ քրիստոնեության նոր սերմը: Հանուն իրենց հավատքի գնալով մահվան` նրանք աղոթում էին իրենց հայրենիքի համար` համոզված լինելով, որ Աստված հոգևոր արթնություն կբերի մեր ժողովուրդներին:

Այն «կլոր սեղանը», որի աշխատանքներին մասնակցում էի ես, նվիրված էր Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած ժամանակահատվածին, որը մի կողմից կարելի է բնութագրել հոգևոր քաղց ունեցող միլիոնավոր մարդկանց վերածննդի և Քրիստոսին դարձի գալու ապշեցուցիչ ֆենոմենով, մյուս կողմից` քրիստոնեական քաղաքակրթության կարգերի՝ ավանդական ընտանիքի և հիմնային արժեքների, դեմ ուղղված նորանոր մարտահրավերներով, որոնք թափ են հավաքում ժամանակակից սեկուլյար աշխարհում:

Արտահայտելով իմ տեսակետը` ես նկատեցի, որ մենք` քրիստոնյաներս` որպես Երկնքի արքայության ներկայացուցիչներ, պետք է ինքներս մեզ ուղղենք մի կարևոր հարց. «Ի՞նչ կարող ենք տալ առանձին վերցրած մարդուն և ընդհանուր առմամբ` հասարակությանը»: Իհարկե, նախ և առաջ` փրկության ավետարանը, աստվածային արժեքները, բարության և գթության գործերը, և, անշուշտ՝ մենք կանչված ենք տալու նաև օրինակ`ապրելու և ծառայելու օրինակ, միմյանց հարգելու և սիրելու օրինակ, ինչը տեսնելով, Սուրբ Գրքի համաձայն, շատերը կփառավորեն Հորը, որ երկնքում է:

Շատ կարևոր եմ համարում, որ ՔՄԽԿ-ի ուղերձի մեջ առանձնահատուկ նշվում է, որ բոլոր քրիստոնեական հարանվանությունների համար այսօր էլ շարունակում են արդիական մնալ մեր Տիրոջ հետևյալ պատվիրանները՝ «Ուրեմն, գնացե՛ք բոլոր ազգերն աշակերտեցեք» (Մատթ. 28:19) և «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մարկ. 12:31):

Արմեն, վերջում կցանկանայինք, որ կարծիք հայտնեիք այս կառույցի բնույթի վերաբերյալ, արդյո՞ք այն էկումենիկ շարժում չէ, և որքանո՞վ է օգտակար նրա գործունեությունը:

Հենց սկզբից նշեմ, որ Քրիստոնեական միջհարանվանական խորհրդատվական կոմիտեն էկումենիկ շարժում չէ, այն բնավ նպատակ չունի միաձուլելու հետխորհրդային տարածաշրջանի քրիստոնեական եկեղեցիներին կամ էլ բոլորին կառավարելու մեկ կենտրոնից:

Սա հրաշալի մի կառույց է, որի շրջանակներում քրիստոնեական հարանվանություններն իրականացնում են մշտական երկխոսություն, ընդհանուր կարծիք և դիրքորոշում հայտնում տարբեր ակտուալ հիմնախնդիրների վերաբերյալ, փնտրում քրիստոնեական բարոյականությանն ու արժեքներին ուղղված մարտահրավերների հաղթահարման ուղիներ:

Այնպես որ, հաշվի առնելով, թե որքան կարևոր և անհրաժեշտ է Երկնքի արքայության տեսանկյունից միջեկեղեցական հաղորդակցությունն ու միասնականությունը, ես այս կառույցի գոյությունն ու գործունեությունը կգնահատեի շատ օգտակար:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: