Wolarm.org կայքին տված հարցազրույցում հովիվ Արթուր Սիմոնյանը մանրամասնում է հունվարի 6-ին կայանալիք Սուրբ Ծննդյան մյուզիքլի հետ կապված մի քանի հարցեր:

Հովիվ Արթուր, ինչո՞ւ մյուզիքլ:

Որոշել ենք ամեն տարի ներկայացնել նոր ծրագիր, որը ցույց կտա Քրիստոսին:

Կան մարդիկ, ովքեր լսում են միայն խոսքը: Կան մարդիկ, ովքեր ունեն երաժշտական կամ  պարային ընկալում: 

Բայց Աստվածաշունչը խոսում է և՛ պարիև՛ երաժշտության, և՛ խոսքի, և՛ երգի մասին:

Այդ պատճառով մենք որոշեցինք աստվածաշնչյան փառաբանության այս բոլոր տարբերակները միավորել և մյուզիքլի տեսքով հասցնել մարդկանց Քրիստոսի ծնունդը:

Փա՛ռք Աստծուն մեր ստեղծագործական խմբի համար (հանձինս` Իրինա Մրյանի, Քրիստինե Հովակիմյանի, Հասմիկ Մանասերյանի, Վադիմ Սիդորենկոյի և այլոց), ովքեր Աստծո օգնությամբ անկարելին կարելի են դարձնում:

Մյուզիքլի համար շատ ենք աղոթել, համախմբված է հոգևոր թիմ: Երգիչները և դերասանները քրիստոնյաներ են: Եվ սա հոգևոր հետք կթողնի մարդկանց կյանքերում:

Ի՞նչ խորհուրդ ունի մյուզիքլը:

Խորհուրդը մեկն է՝ Քրիստոսի Ծնունդը: Մյուզիքլում ներկայացնում ենք Ավետարանը: Իհարկե, խորհուրդը նաև աշխարհի պայքարն է, երբ մի վայրում Քրիստոսն է ծնվում մարդկանց սրտերում, մեկ այլ վայրում Հերովդեսն է տիրում և ուզում է իրեն ցույց տալ:

Մենք շերտերով ցուցադրում ենք Հերովդեսին, թե ինչպես էր տանջում մարդկանց, և Հիսուսին, որ պետք է գար և ազատեր նրանց: Ներկայացնում ենք երեք տեսակի մարդկանց՝ տառապյալներին, տանջողներին և Փրկչին, Ով առանց զենքի ազատեց, փրկեց և բժշկեց մարդկանց:

Ինչո՞ւ պետք է մարդիկ դիտեն այս մյուզիքլը:

Այս երաժշտական ներկայացումը հետաքրքիր զարգացում ունի: Մոտավորապես մեկ ժամվա ընթացքում իրադարձություններն այնպես են զարգանում, որ արդյունքում դիտողի համար պարզ է դառնում, որ Քրիստոսն իրեն պետք է որպես Փրկիչ, և Տերը պետք է ծնվի հենց իր սրտում:

Բացի դա, ամեն մեկը կարիք ունի զարգանալու և նոր ստեղծագործություններ տեսնելու: Նման ծրագրեր Հայաստանում և աշխարհի շատ երկրներում կա՛մ քիչ են արվում, կա՛մ ընդհանրապես չեն արվում: Ես կարծում եմ, որ հունվարի 6-ին կայանալիք մյուզիքլը Հայաստանում ամենամեծն է լինելու, որ վերաբերելու է Հիսուս Քրիստոսի ծնունդին:

Ձեր կոչը մարդկանց:

Ես կոչ եմ անում մարդկանց՝ գալ եկեղեցի, դիտել մյուզիքլը, իրենց աղոթքներով, ներդրումներով և ներկայությամբ մասնակցել այսպիսի ծրագրերի: Իսկ ովքեր չեն կարողանա գալ եկեղեցի, կարող են հետևել ուղիղ եթերով և իրապես վերապրեն Քրիստոսի ծնունդը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: