ZOOM երիտասարդական նախաձեռնության «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակներում մեր երիտասարդները հերթական այցն են կատարել Արցախ՝ իրենց հետ տանելով եկեղեցու կողմից նվիրաբերված հագուստը, սնունդը, տնտեսական ապրանքները, հիգիենայի պարագաներն ու այլ անհրաժեշտ իրեր:

Դրանք տրամադրվել են ռազմական գործողությունների հետևանքով իրենց սահմանամերձ բնակավայրերը լքած և Ստեփանակերտի իջևանատներում հաստատված արցախցիներին: Բազում ընտանիքների ցուցաբերված աջակցությամբ մենք ցանկանում ենք այս դժվար ժամանակներում կանգնած լինել արցախցու կողքին՝ հնարավորին չափ օգնելով բնականոն հուն տեղափոխել նրանց կենցաղը:

Այցերի ընթացքում երիտասարդները տեսակցում են նաև զինվորներին և առաջնագծում ծառայող կամավորներին, որոնց թվում են ինչպես մեր եկեղեցու, այնպես էլ «Միաբանության» այլ եկեղեցիների անդամները: Աղոթում ենք, որ հայ զինվորի դեմ ուղղված ոչ մի զենք հաջողություն չունենա, և Տերը խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը:

Ծրագիրը շարունակվում է, առաջիկայում կլինեն նոր այցելություններ:

Սիրելինե՛ր, դուք կարող եք ձեր նյութական աջակցությունը ցուցաբերել շաբաթվա բոլոր օրերին՝ սնունդը, նշված իրերն ու պարագաները բերելով եկեղեցու մեծ շենք: Մեր երիտասարդները դրանք տեսակավորելուց և արկղերում փաթեթավորելուց հետո կկազմակերպեն հաջորդ այցերն Արցախ:

Ինչ է խրախուսվում նվիրաբերել.

  1. Մանկական հագուստ, մեծահասակների համար ներքնաշորեր և գուլպաներ (միայն նորը)
  1. Տնտեսական ապրանքներ և հիգիենայի պարագաներ (լվացքի փոշի, շամպուն, օճառ, սանր, մազի ներկ, ատամի մածուկ, խոզանակ և այլն)
  1. Սննդամթերք, բայց միայն հետևյալը.

ա/ Չոր թխվածքաբլիթ, չիր, չամիչ, վաֆլի, կոնֆետ

բ/ Սուրճ, թեյ

գ/ Շաքարավազ, աղ, ձեթ

դ/ Նպարեղեն (մակարոնի տեսականի, վերմիշել և այլն)

ե/ Ընդեղեն (ձավար, ոսպ, ոլոռ, բրինձ, հնդկաձավար և այլն)

  1. Երեխաների համար՝ 2-5 համարի տակդիրներ, խաղալիքներ, «ներկիր ինքդ», նկարչական ալբոմներ, մատիտներ և այլն:

Եկեղեցու սիրելի՛ անդամներ, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ ձեր սրտացավ վերաբերմունքի և լավագույնը նվիրաբերելու պատրաստակամության համար: Դուք դա անում եք՝ ինչպես որ կանեիք ձեր ընտանիքի հարազատ անդամի համար, և Աստծո անունն այս ամենում փառավորվում է:

Տերը օրհնի բոլորիդ, և Աստծո հզոր ձեռքը պահապան լինի մեր երկրին:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: