DAILY DEVOTION-am-1200-600

Այսօրվա խոսքը ծուլության դեմ է ուղղված: Եթե քո կյանքում ծուլությանը տեղ ես տալիս, այն կարող է սովորություն դառնալ և այլևս չհեռանալ քեզնից:  Հետաքրքիր է, որ կաթոլիկ եկեղեցին ծուլությունը մահացու մեղքերից մեկն է համարում:

Աստվածաշունչը զգուշացնում է. «Շենքը ծուլությունով փուլ կգա, և ձեռքերը կախելով տունը կկաթի»:

Եկեք ականջ դնենք Աստծո Խոսքին, որովհետև յուրաքանչյուրս այս կյանքում ինչ-որ բան ենք կառուցում, և եթե ծուլանանք, մեր կառուցածը ցանկացած պահի կարող է փուլ գալ: Խոսքը վերաբերում է նաև  հոգևոր բնագավառին:

Մենք Սուրբ Հոգու տաճար ենք և ամեն օր շինության ու նորոգության կարիք ունենք: Այն հոգևոր աշխատանքը, որ տարիների ընթացքում արվում է մեր կյանքում, մեկ օրում կարող է փլվել, եթե ամեն օր ներդրում չկատարենք և չաշխատենք:

Շատ մարդիկ, ձեռքերը կախելով, ոչինչ չեն ուզում անել: Այդ պատճառով էլ նրանց «հոգևոր տունը» կաթում է: Սատանան նրանց մտքեր է տալիս, և նրանք ընդունում են, որովհետև չկա ամուր տանիք, որ իրենց պաշտպանի:

Սիրելինե’րս, աշխատասե’ր եղեք: Եթե շաբաթվա մեջ մեկ օր հանգստանում եք, նորմալ է, բայց եթե շաբաթվա յոթ օրն էլ հանգստանում եք՝ ինքներդ ձեզ արդարացնելով, թե գործ չկա, նորմալ չէ: Որոշում կայացրեք և անպայման որևէ աշխատանք գտեք: Աշխատեք թե’ ձեզ համար, թե’  Տիրոջ: Աշխատասեր մարդը և’ հոգեպես, և’ նյութապես օրհնված կլինի:

Թող Աստված օրհնի ձեզ, և Նրա փառքը լինի ձեզ վրա: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: