«Շնորհակալ եմ կնոջս, որ չդադարեց աղոթել ինձ համար». հարցազրույց Վասիլի Դոցենկոյի հետ

Wolarm.org կայքի զրուցակիցը Նովոսիբիրսկի «Անկյունաքար» եկեղեցու հովիվ Վասիլի Դոցենկոն է: Աստծո հրաշալի այս ծառան կնոջ՝ Նատալյա Դոցենկոյի հետ օրերս գտնվում էր Հայաստանում: Մեր եկեղեցում նրանք անցկացրին եկեղեցական ծառայություններ և քարոզեցին երիտասարդական կոնֆերանսին:

Հովիվ Վասիլին նախկինում եղել է թմրամոլ, սակայն Նատալյայի համառ աղոթքների շնորհիվ Տերը փրկել է կործանումից: Տիրոջ շնորհքով նրանք Նովոսիբիրսկում բարձրացրել են հզոր եկեղեցի, որն ունի շուրջ հազար անդամ: Նրանց մեծ մասը նախկին թմրամոլներ և հարբեցողներ են, մարդիկ, ովքեր անցել են բանտերով, բայց այսօր քայլող հրաշքներ և կենդանի վկայություն են:

Մեզ հետ զրույցում հովիվ Վասիլին պատմեց իր ապաշխարության և այն մասին, թե ինչ աշխատանքներ են տարվում «Անկյունաքար» եկեղեցու հիմնած վերականգնողական կենտրոններում:

Հովի՛վ Վասիլի, Դուք հաճախ եք խոսում այն մասին, որ  Տերը հիմնովին փոխել է Ձեր կյանքը: Կվկայե՞ք, թե ինչպես է տեղի ունեցել Ձեր ապաշխարությունը:

Կինս՝ Նատալյան, իր մայրիկի հետ դեռ վաղուց էր հաճախում եկեղեցի: Նրա հարազատ եղբայրն իմ մտերիմ ընկերն է: Իրենց տուն ես շատ եմ գնացել և հենց այնտեղ էլ լսել եմ Աստծո Խոսք: Ապագա կինս և իր մայրը միշտ քարոզում էին մեզ: Ընկերս առանձնապես ուշադրություն չէր դարձնում մոր քարոզներին, բայց եթե նա կարող էր ասել՝«մայրիկ, վե՛րջ, հերիք է», ապա ես հյուր էի և քաղաքավարությունից ելնելով լսում էի ամբողջը:

Մեկ անգամ էլ, երբ հերթական անգամ իրենց տանն էի և լսում էի Աստծո մասին, ընկերոջս մայրը Նատալյային հորդորեց ձեռնադրել ինձ, որ աղոթեն ինձ համար: Այդ պահին ես համաձայն էի ամեն ինչի, միայն թե վերջապես հանգիստ թողնեին ինձ: Իհարկե, ես նաև հավատում եմ, որ  դա իմ փրկության ճանապարհին առաջին սերմն էր:

Ես այնպիսի մարդ էի, ում ոչ մի կերպ հնարավոր չէր սիրել: Բայց այնպես ստացվեց, որ Նատալյան մտերմացավ ինձ հետ: Նա անդադար աղոթում, ծոմ էր պահում փրկությանս համար: Միգուցե ապագա կինս ցանկանում էր, որ իմ միջոցով փրկության գար նաև իր եղբայրը:

Կյանքս օրեցօր կործանվում էր: Ընկերս քրոջը խորհուրդ էր տալիս դադարեցնել աղոթքները և ժամանակ չծախսել ինձ վրա: Նույնիսկ հարազատ հայրս էր համարում, որ ինձ նման մարդու համար այլևս ապագա չկա, բայց Նատալյան շարունակում էր աղոթել: Նրա աղոթքներին միացավ նաև մայրս, ում նա ևս քարոզում էր: Նատալյան թղթի վրա գրում և տարբեր ճանապարհներով ինձ էր հասցնում եկեղեցու կիրակնօրյա պատգամները, ապաշխարության աղոթքը, որ դժվար պահերին աղոթեմ:  

Իհարկե, որոշ բաներ կարդում էի, որոշները՝ ոչ: Սակայն, մեծ հաշվով, ամեն ինչի համար ես շնորհակալ եմ հենց իմ կողակցին: Ես շնորհակալ եմ  նրա համար, որովհետև մինչև վերջին րոպեն համառորեն աղոթքի կանգնեց փրկությանս համար և ձեռքերը չիջեցրեց: Կինս յուրահատուկ քայլերի էր դիմում: Նա վերցնում էր լուսանկարս, թղթի վրա նկարում աթոռներ ու բեմ, իմ պատկերն ամրացնում էր այդ թղթին և սկսում դավանել ու մարգարեանալ, որ ես Աստծո Խոսքն եմ ավետարանելու:

Երբ գտնվում էի ազատազրկման մեջ, ինձ հասավ Նատալյայի ուղարկած նմանատիպ բովանդակությամբ մի նամակ, որը կարդալուց հետո ես ուղղակի ծնկի իջած աղոթեցի Աստծուն և ասացի. «Տե՛ր, փրկի՛ր ինձ, հրա՛շք արա, եթե Դու, իրոք, գոյություն ունես»: Ես առաջին անգամ դիմեցի Հիսուսին, ոչ թե որպես պարզապես գոյություն ունեցող մի Աստծո, այլ որպես Մեկի, Ում հետ ես կարող էի ունենալ անձնական փոխհարաբերություն:

Այսպես ես փրկություն ստացա, և Աստված սկսեց փոխել իմ կյանքը, որովհետև առանց Նրա միջամտության ես ապագա չունեի:

Այսօր արդեն՝ ավելի քան 20 տարի անց, ես իմ ծառայությամբ իրականացնում եմ կնոջս մարգարեությունը, այսինքն քարոզում եմ Հիսուս Քրիստոսին: Ես ապրում եմ Հիսուսի շնորհիվ:  Հետաքրքիր է, որ այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչել են վաղուց, նույնիսկ նրանք, ովքեր Աստծուն չեն հավատում, ընդունում են, որ ինձ համար այլ ճանապարհ չկար:  Իրականում ոչ մի մարդու համար չկա այլ ճանապարհ, բացի Հիսուսից:

Մեզ հայտնի է, որ ձեր եկեղեցում գործում են վերականգնողական կենտրոններ, որտեղ թմրամոլներն ու հարբեցողները ստանում են նոր կյանք Քրիստոսում: Կպատմե՞ք մի փոքր ձեր աշխատանքների մասին:

Մեր եկեղեցին «Անկյունաքար» եկեղեցիների միության մի մասնիկն է: Միության կազմում  կան 100-ից ավելի եկեղեցիներ: Եվ փաստացի յուրաքանչյուր եկեղեցում գործում են վերականգնողական կենտրոններ: Օրինակ, մեզ մոտ այս պահի դրությամբ կա վեց վերականգնողական կենտրոն թմրամոլների, հարբեցողների, մուրացկանների, մայրերի ու երեխաների և այն մարդկանց համար, ովքեր երկար ժամանակ գտնվել են ազատազրկման մեջ: Մենք աշխատանքներ ենք իրականացնում նաև կալանավայրերում: Ոմանք հենց այնտեղ էլ ապաշխարում են, և երբ դուրս են գալիս, մենք օգնում ենք, որպեսզի նրանք իրենց կյանքերը կառուցեն Քրիստոսի խոսքի համեմատ:

Ունի՞ արդյոք որևէ առանձնահատկություն կոնկրետ  թմրամոլների հետ տարվող աշխատանքը:

Մի կողմից կարող ենք ասել, որ թմրամոլների հետ տարվող աշխատանքներն ունեն առանձնահատկություններ, բայց մյուս կողմից՝ ոչ: Թմրամոլը մեղավոր մարդ է, ով ապաշխարելու համար նախ պետք է գիտակցի, որ օգնության ու փրկության կարիք ունի: Օրինակ, շնացողին երբեք չես կարողանա օգնել, եթե նա չգիտակցի իր մեղավոր լինելը: Դա տեսնում ենք նաև անառակ որդու մասին առակի մեջ, երբ վերջինս հանկարծ հասկանում է, թե որքան է ընկել և ուր է հասել:

Իհարկե, միայն գիտակցելը ևս բավարար չէ: Հաջորդ կարևոր քայլը ճիշտ որոշում կայացնելն ու Հայր Աստծո մոտ վերադառնալն է: Անառակ որդին այդ որոշումը կայացրեց:

Հազարավոր թմրամոլներ իմ աչքերի առջև կերպարանափոխվել են: Նրանք մարդիկ էին, ում կյանքն ապագա չուներ, նրանք դատապարտված էին կործանման: Բայց այսօր ունեն նոր կյանք: Այդ մարդկանցից շատերը հաջողակ ձեռներեցներ են, ընտանիքի օրինավոր հայրեր, հովիվներ, պարզապես հրաշալի ծառայողներ:

Նախկին թմրամոլներից մեկն էլ ես եմ: Հայրը մեզ իր պաշտպանության տակ է վերցրել և ամեն բան ավելցուկով վերադարձրել է:

Ձեր սրտի խոսքը մեր եկեղեցուն:

Այստեղ գտնվելն ու հովիվ Արթուրին ճանաչելն ինձ համար մեծագույն օրհնություն են: Ես եղել եմ տարբեր երկրների եկեղեցիներում, բայց ինձ համար այնքան հարազատ են ձեր եկեղեցին ու քաղաքը: Ես կարծես տանը լինեմ, չնայած սա իմ երկրորդ այցն է: 

Ուղղակի կուզեմ ականատեսն ու մասնակիցը լինել այն ամենի, ինչ Տերը կանի ձեր եկեղեցում և ձեր միջոցով: Այստեղ ես տեսնում եմ Աստծո փառքը և ցանկանում եմ, որ այն ավելի աճի: Իմ սրտի խոսքն այս է, որ ձեր սրտերը բաց լինեն Տիրոջ առջև, որպեսզի երբեք խոչընդոտ չլինեք այն մեծ գործի համար, որ Տերը ձեռնարկել է ձեր եկեղեցու համար և ձեր միջոցով: 

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: