“Love God, love one another, and there will be miracles!”: an interview with Robert Maasbach

Մեր զրուցակիցը անգլիացի հովիվ, քարոզիչ Ռոբերտ Մաշբախն է, ով  օրերս  Հայաստանում էր:

Հովիվ Մաշբախ, ձեր կյանքի պատմությունը ցույց է տալիս, որ փրկության համար դեռ բավարար չէ քրիստոնյաների ընտանիքում ապրելը: Ինչպե՞ս ստացվեց, որ ձեր կյանքը նվիրեցիք Աստծուն:

Հայրս և մայրս միշտ աղոթում էին ինձ համար: Բայց ես դրա մասին լսել չէի ուզում:

Երբ 14 տարեկան էի, ընկերացա Ֆրեդ անունով մի տղայի հետ: Նա 10 տարով մեծ էր ինձնից: Ես սովոր չէի մեղք գործել, բայց նրանից սովորեցի ծխել և ակումբներ հաճախել: Երբ վերադառնում էի տուն, մայրս, նայելով ինձ, ասում էր. «Դու եղել ես Ֆրեդի հետ: Նրան ես նման, նրա պես ես խոսում, նրա պես ես վարվում. սա դու չես»:

Ես գիտեի, որ մայրս ճիշտ է ասում, բայց այդ մասին ոչինչ  լսել չէի ուզում: Այսպիսով, մայրս ստիպված էր սպասել, մինչև 14-ից կդառնայի 18 տարեկան: Չորս տարին այնքան էլ երկար ժամանակ չէ, բայց մորս համար երկար տևեց, քանի որ ես հեռացել էի Աստծուց:

Մի անգամ մայրս ասաց. «Ռոբե՛րտ, դու կյանքդ ամբողջությամբ Հիսուսին հանձնելու կարիք ունես»: Ես  շարունակում էի եկեղեցի հաճախել, բայց չէի ապրում Տիրոջ համար:

Դու կարող ես եկեղեցի գնալ, նույնիսկ լաց լինել ու զղջալ, քանի որ սխալներ ես թույլ տալիս, բայց դրանից չփոխվել և վերստին չծնվել: Բավարար չէ զղջալ սխալ արարքիդ համար, դու պետք է նոր արարած դառնաս:

Եվ այսպես, ծննդյանս օրվա նախօրեին ես ավտովթարի ենթարկվեցի, ինչի հետևանքով պարանոցս երկու տեղից կոտրվել էր: Ես զգում էի, որ ժամանակս ավարտվում է, որ պետք է  փոխվեմ, բայց չէի ուզում լսել: Իսկ երբ չենք ուզում լսել, Աստված ստիպված է լինում կանգնեցնել մեզ: Ավտովթարից չորս օր հետո հայրս եկավ հիվանդանոց և հարցրեց. «Չե՞ս կարծում, որ սա Աստծո շնորհքն է, որ չես մահացել»: Մենք աղոթեցինք, և ես կյանքս նվիրեցի Հիսուսին: Այսպիսով, Աստված ինձ կանգնեցրեց, ու պատահարից յոթ օր հետո ես դուրս գրվեցի հիվանդանոցից՝ բժշկված, վերածնված, և սկսեցի ծառայել Հիսուսին:

Ձեր հայրը Յոհան Մաշբախն է: Մարդ, ով համարվում է Հոլանդիայի արթնության, հավատքի հայրը: Եվ, կարելի է ասել, որ ձեզ համար ծառայողի առաջին օրինակ է եղել հենց նա: Ձեր ծառայողական  և անձնական կյանքում ամենամեծ փորձը, որը ձեռք եք բերել հենց ձեր հոր օգնությամբ:

Հավատքն իմ հոր ամենամեծ պարգևն էր: Հայրս պարզապես վստահում էր Աստծուն: Նա վերստին ծնված քրիստոնյա էր դարձել, երբ դեռ 9 տարեկան էր:

Երբ հայրս դարձավ 16 տարեկան, անցավ նավի վրա աշխատանքի: Այդ ընթացքում նա իր  ազատ ժամանակն անցկացնում էր Աստվածաշունչ կարդալով: Հայրս Աստվածաշունչը կարդում էր նավի վերին հատվածում, ինչպես Պողոս առաքյալը: Այդ տարիները եղել են նրա աստվածաշնչյան դպրոցը: Հայրս հասարակ մարդ էր, բայց ուներ հզոր հավատք, շատ սեր և բարություն: Եվ ես կարծում եմ, որ հորս ամենամեծ ազդեցությունը հենց դա է եղել: Ես փրկվել եմ նրա միջոցով:

Ես հավերժ երախտապարտ եմ հորս նաև այն կնոջ համար, ով կողքիս է: երբ պատրաստվում էի ամուսնանալ, հայրս օգնեց հասկանալ, թե որն է Տիրոջ կամքը այդ հարցում և սխալ որոշում չկայացնել, քանի որ իմ ընտրյալը Աստծո ընտրությամբ չէր:  

Դուք Աստծուց Անգլիա գնալու և տեղում եկեղեցի հիմնելու կանչ ստացաք, որն էլ իրականացրել եք: Պատմեք Անգլիայի ձեր եկեղեցու մասին, ի՞նչ ծառայություններ են գործում:

Մոտավորապես 18 տարեկան էի, երբ դարձա վերստին ծնված քրիստոնյա: Ինչ որ մեկն ինձ խնդրեց պատմել, թե ինչպես Հիսուսը փրկեց և բժշկեց կոտրված պարանոցս: Վկայությունը տալուց հետո՝ տուն վերադառնալիս, տեսիլք տեսա. ես միայնակ քայլում էի դեպի Երկինք, տեսնում էի Երկնքից իջնող լույս և ուրախությամբ լցվում: Բայց երբ շուրջս նայեցի, տեսա բազմաթիվ մարդկանց, ովքեր խավարի մեջ կանգնած էին: Ես սկսեցի աղաղակել Աստծուն՝ ասելով, որ չեմ ուզում միայնակ գալ Երկինք:

Մեկ ամիս անց գնացի աստվածաշնչյան դպրոց՝ ծառայության համար պատրաստվելու: Հիսուսն Իր Հոգով խոսեց ինձ հետ, երբ 26 տարեկան էի. « Ռոբե՛րտ, Ես քեզ կանչում եմ Իմ Խոսքով»: Եվ  ցույց տվեց, որ պետք է Բրիտանիա գնամ: Դա հեշտ ընթացք չէր, որովհետև ես հովիվ էի Հոլանդիայում, բայց հնազանդությունը միշտ լավագույն բանն է: Դա ևս սովորել էի  հորիցս: Այսպիսով, հնազանդվեցի Աստծուն: 1987թ.-ին տեղափոխվեցի: Երբեք չէի եղել Բրիտանիայում: Սկզբնական շրջանում ավետարանում էի մարդկանց:

Տերն ինձ հետ էր և հաջողություն էր տալիս ձեռնարկածս գործերում: 1989թ.-ին Աստված  սրտումս եկեղեցի հիմնելու ցանկություն դրեց մի փոքր քաղաքում: Եթե դու սիրում ես Աստծուն, կարիք չունես անհանգստանալու, որ բաց կթողնես Նրա կամքը: Եթե սիրում ես Նրան, Նա միշտ կխոսի քեզ հետ: Տերն ինձ ասաց՝ ինչ անել, և ես արեցի: Մենք ձեռք բերեցինք փոքր տուն և սկսեցինք հավաքույթներ անցկացնել: Այդ ժամանակ դեռ երեք հոգով էինք: Հիմա մենք 500-600 անդամ ունենք: Աստված բարի է:

Ձեր սրտի խոսքը Հայաստանին և հայ ժողովրդին:

Սիրե՛ք Աստծուն, սիրե՛ք միմյանց, ու հրաշքները կկատարվեն: Սա շատ պարզ է: Իսկ ինչպե՞ս սիրենք Աստծուն, ինչպե՞ս կարող ենք սիրել. ընդունելով Նրա սերը: Ինչպե՞ս ենք ընդունում Նրա սերը. հավատալով Նրա Որդի Հիսուս Քրիստոսին: Սա է պատվիրում Աստված: Հովհաննեսի առաջին թղթի 2-րդ գլխում գրված է, որ սա է Աստծո պատվիրանը, որ հավատաք Հիսուս Քրիստոս Տիրոջը և սիրեք միմյանց: Սա է այն ամենը, ինչը պետք է անենք: Հավատացե՛ք, որ Հիսուսը Աստծո Որդին է: Սիրե՛ք Աստծուն, սիրե՛ք միմյանց:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: