Եկեղեցին պետք է առաջնորդվի սիրով: Սակայն հաճախ քրիստոնյաները հաջողության ետևից են ընկնում՝ թողնելով սերը:

Միգուցե սերը քեզ տանում է անապատ, իսկ հաջողությունը` ծաղկած պարտեզ: Գնա՛ սիրո ետևից, որովհետև հաջողությունը կարող է խաբուսիկ լինել, իսկ սերը` ոչ: Սիրո ետևից գնացողը ի վերջո հաջողության էլ կհասնի: Ես խոսում եմ ոչ թե մարմնական, այլ աստվածային սիրո մասին, որն արտահայտվում է մարդկանց հանդեպ ուշադրությամբ, քաղցրությամբ, բարի գործերով:

Եթե ասենք՝ սիրում ենք Աստծուն, բայց մարդկանց հանդեպ սեր չցուցաբերենք, իրականում Աստծուն էլ չենք սիրում, որովհետև գրված է. “Նա, որ իր տեսած եղբորը չի սիրում, Աստծուն, որ չի տեսել, ինչպե՞ս կարող է սիրել” (Ա Հովհ. 4.20):

Սերը առավել է հույսից, հավատքից և ամեն ինչից. եթե մարդը զորավոր է, բայց սեր չունի, դաժան է դառնում:

Սերը՝ տվող է: Ինչպես ջուրը ջրի կարիք չունի, այնպես էլ սիրող մարդը սիրո կարիք չունի: Ով շարունակ բողոքում է, թե սեր չկա, ուրեմն ինքն էլ չի սիրում, որովհետև սիրող մարդը սեր չի փնտրում, այլ ձգտում է սիրել:

Սերը չի նկատում ուրիշի սխալները: Մենք՝ որպես Աստծո զավակներ, չպետք է չարախոսենք և քարկոծենք միմյանց, այլ պետք է անշահախնդրորեն սիրենք իրար և միաբան լինենք, որովհետև միևնույն Տիրոջն ենք ծառայում: Հիսուս Քրիստոսն ասաց. “Սրանով կիմանան ամենքը, թե Իմ աշակերտներն եք, եթե իրար հանդեպ սեր ունենաք” (Հովհ. 13.35):

Սիրելինե՛ր, մենք միմյանց սեր ենք պարտք: Եթե միմյանց սիրենք, մարդիկ կհասկանան, որ Հիսուսի աշակերտներն ենք: Ամե°ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: