ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Գնացե՛ք, տեսե՛ք …» գթության ծառայությունը  հիմնվել է 1992 թվականին: Հայաստանի համար դա այն ժամանակահատվածն էր, երբ արդեն տապալվել էր կոմունիստական հասարակարգը, ձևավորվում էր նոր, անկախ Հայաստանի Հանրապետությունը, շարունակվում էր Ղարաբաղյան պատերազմը, որի պատճառով Հայաստանը շրջափակման մեջ էր:

Գործարանները փակվել էին, էլեկտրականության բացակայության պատճառով հանրապեությունը խավարի մեջ էր: Երևանը և մերձակա շրջանները լեցուն էին Ադրբեջանից գաղթած հայերով և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածներով (երկրաշարժի պատճառով Հայաստանում հազարավոր զոհեր էին եղել, հիմնահատակ ավերվել էին երեք քաղաքներ և բազմաթիվ գյուղեր): Համատարած սով էր, գործազրկություն, հացի շուրջօրյա հերթեր:

Ծառայության հիմնադրման և հետագա գործունեության համար գերբնական մտածելակերպ էր հարկավոր, քանի որ, ի տարբերություն Հայաստանում գործող բարեգործական կազմակերպությունների, որոնք օգնություն էին ստանում արտերկրից, այս ծառայության ֆինանսավորումը պետք է իրականացներ շրջափակման մեջ հայտնված և սովի մատնված հայ ժողովուրդը` իր նվիրատվություններով:

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ

Աջակցել պետությանը` համատեղ իրականացնելով ծրագրեր ազգաբնակչության սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ:

Ուսումնասիրել աղքատության պատճառը և պատճառի արմատները, դրանք վերացնելուց հետո վերացնել նաև հետևանքները: «Ոչ միայն մարդկանց հանել խրճիթից, այլ նաև խրճիթը հանել մարդկանց միջից»: Մարդկանց սովորեցնել «Ոչ միայն ձուկ ուտել, այլ նաև ձուկ բռնել»:

Ուսումնասիրել շահառուների սոցիալական վիճակը, մշակել համապատասխան ծրագրեր սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ: