ՍպորտSPORT AND MIRACLES և հրաշքներ

Ես չէի հավատում Աստծո գոյությանը, մինչև այն պահը, երբ երես առ երես հանդիպեցի մահվանը: Ավտովթարից հետո ուշքի գալով և տեսնելով հղի կնոջս, դստերս և ընկերոջս գրեթե անկենդան մարմինները` հասկացա, որ կարող եմ կորցնել այն ամենը, ինչ չափազանց թանկ է ինձ համար: Անզորությունից սկսեցի աղաղակել Աստծուն և խոստանալ, որ իմ կյանքը կնվիրեմ Նրան, եթե Նա մահից փրկի հարազատներիս:

3zԱստված լսեց իմ աղաղակը, և նրանք փրկվեցին: Ես էլ կատարեցի Աստծուն տված խոստումս և ընտանիքիս հետ միասին սկսեցի հաճախել եկեղեցի: Աղոթում էի և Աստծուն հարցնում, թե ինչպես կարող եմ օգտակար լինել Նրան:


Ինձ մտահոգում էր մեր քաղաքի երեխաների կյանքը: Ես տեսնում էի, որ նրանցից շատերը առավոտից երեկո փողոցում են, հետաքրքրություններ չունեն: Մտածեցի, որ կարող եմ այդ երեխաների համար սպորտային խմբակ բացել և խնդրեցի Աստծուն, որ օգնի ինձ նաև Ավետարանի լույսով լուսավերել նրանց կյանքը:

Ես 25 հոգուց բաղկացած կարատեի խումբ հավաքեցի: Կային մարզիչներ, ովքեր ասում էին, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի, որովհետև երիտասարդ եմ, ոչ փորձ չունեմ, ոչ ‎ֆինանսավորող: Սակայն ես իմ հույսը Աստծո վրա էի դրել և հավատում էի, որ ամեն բան հնարավոր է հավատացողին, ինչպես որ գրված է Աստվածաշնչում:

Կարատեում կա մեդիտացիա հասկացությունը: Դու պետք է նստես, ամբողջությամբ լիցքաթափվես, կտրվես իրականությունից և մտքով տեղափոխվես ինչ-որ մի ուրիշ քաղաք կամ վայր, այնուհետև պետք է ուժ խնդրես տարբեր աստվածներից` արևի աստծուց, հողի աստծուց, ջրի աստծուց և այլն: Քեզ սովորեցնում են, որ քո հակառակորդը մարդն է, և նրան պետք է նայել որպես թուղթ կամ ոչնչություն, որը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ քեզ վրա, և դու կարող ես նրան հաղթել թե՜ հոգեպես, թե՜ ‎ֆ‎իզիկապես: Դա ի վերջո մարդու հանդեպ ատելություն է առաջացնում:

2zԵս մեդիտացիայի փոխարեն ամեն մարզումից առաջ 15-30 րոպե Ավետարան էի կարդում: Երեխաներին բացատրում էի, որ մենք պետք է սիրենք մարդկանց, ոչ թե նրանց համարենք որպես թուղթ կամ ոչնչություն: Սովորեցնում էի, որ կարատե մարզաձևը պետք է օգտագործել ոչ թե մարդկանց վնասելու, այլ մեր առողջության և ինքնապաշտպանության համար:

Որոշ ծնողներ հակառակվեցին դրան, սպառնացին, որ ամեն ինչ կանեն, որպեսզի մեր խումբը ցրվի, սակայն Աստված պաշտպանեց մեզ: Գնալով խումբն ավելանում էր, և մարդիկ տեսնում էին, որ երեխաները փոխվում են դեպի լավը:

Երբ խմբի անդամների թիվը դարձավ 45, մենք սկսեցինք մասնակցել մրցույթների: Առաջին մրցույթին 10 երեխա էր մասնակցում, որոնցից 5-ը գրավեցին առաջին տեղը, 3-ը` երկրորդ, իսկ ես արժանացա տարվա լավագույն մարզիչի կոչմանը:

Այնուհետև մասնակցեցինք մեր մարզում կազմակերպված ակումբային մրցումներին:  Մեր խմբի 17 մասնակիցներից 7-ը գրավեցին առաջին տեղը, 3-ը` երկրորդ, իսկ 5-ը`  երրորդ: Տեղական մամուլն ու հեռուստատեսությունը սկսեցին խոսել մեր  հաջողությունների մասին: Խումբն ավելի մեծացավ, անդամների թիվը հասավ 65-ի:

Երեխաներն ամեն մրցույթից առաջ աղոթում էին, որ Աստված օգնի իրենց: Ես միշտ սովորեցնում եմ նրանց, որ թիմում պետք է լինի միաբանություն, ընկերություն և յուրաքանչյուր հաղթանակի համար ողջ փառքը պետք է տալ Աստծուն:

Աստված յուրաքանչյուր մարդու տվել է տաղանդ, շնորհք, որպեսզի նա ծառայի ուրիշներին: Եվ երբ մարդն իր տաղանդները ճիշտ է օգտագործում, Աստված կրկնապատկում է դրանք:

Այժմ ես Իջևանի Կյանքի Խոսք եկեղեցու երիտասարդական ծառայության պատասխանատուն եմ: Մեր ծառայության միջոցով շատ երիտասարդների կյանքեր են փոխվում: Ես երազում եմ ավելի ընդլայնել իմ ծառայությունը, և դրա  միջոցով Ավետարանի լույսը տարածել ողջ աշխարհով մեկ:

Սուրեն Օհանյան, Իջևան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: