Սուրբ Ծննդյանն ընդառաջ Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների «Կյանքի Խոսք» եկեղեցիների ազգությամբ հայ հովիվները շնորհավորում և իրենց բարեմաղթանքներն են հղում:

Artur SimonyanԱրթուր Սիմոնյան, Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ

Ես հռչակում եմ Հիսուս Քրիստոսի ծնունդը յուրաքանչյուր մարդու սրտում: Շատերը զարդարում են տները, խանութները, շենքերը, եղևնիներ են զարդարում, հրավառություններ են անում, բայց ներքուստ դեռ չեն վերապրել Քրիստոսի ծնունդը: Ես չեմ ցանկանում, որ մարդիկ խավարի մեջ քայլեն, ներքին խավարի մեջ մնան: Մաղթում եմ, որ մարդկանց սրտերում լույս ծագի, որն էլ կպահպանեն ամբողջ տարվա ընթացքում: Մի՛ կորցրեք ձեր հույսն առ Աստված:

Ashot Margaryan

Աշոտ Մարգարյան, Վիեննայի (Ավստրիա) «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ

Շնորհավորում  եմ բոլորիս Սուրբ Ծնունդը: Քրիստոսի ծնունդը լավագույն նվերն է մարդկությանը, որը երբևիցե կարող էր լինել: Իմ մաղթանքն է, որ միշտ հիշենք այն Նվերը, որը Աստված արել է մեզ համար, և թող Քրիստոսը ծնվի նրանց սրտերում, ում սրտերում դեռ չի ծնվել:

 

samvel penzaՍամվել Գրիգորյան, Պենզայի (Ռուսաստան) «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ

Սուրբ Ծնունդն ինձ համար մեծ ուրախություն է, քանի որ հենց հրեշտակն էլ ասաց, որ մեծ ուրախություն է տալիս մեզ: Ոչ միայն Սուրբ Ծնունդի, այլև ամեն օրվա համար իմ մաղթանքն է, որ «Կյանքի Խոսք»-ը միշտ Աստծո զորությանն ու շնորհքին հետևի, Աստծո սիրո մեջ աճի և ամբողջ աշխարհին ցույց տա Տիրոջ փառքն ու փառավոր այն կոչումը, որ ստացել է Աստծուց: Իմ մաղթանքն է, որ այս եկեղեցում մարդիկ մեծամեծ հրաշքներ տեսնեն, հոգևորապես հասունանան, սիրեն և երկրպագեն Աստծուն:

 

bremen

Սամվել Ասատրյան, Բրեմենի (Գերմանիա) «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ

Մեզ համար մեծ պատիվ է տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Ինձ համար սա շատ կարևոր օր է: Գերմանիայում նույնպես այս տոնը մեծ շուքով են նշում, այդ թվում նաև անհավատները: Բայց շատ կուզեի, որ նրանք հասկանային տոնի գլխավոր իմաստը, այսինքն՝ այն, որ այդ օրը լույս աշխարհ եկավ աշխարհի Փրկիչը: Ես կամենում եմ շնորհավորել յուրաքանչյուր մարդու «Կյանքի Խոսք» եկեղեցում, շնորհավորում եմ եկեղեցու ծառայողներին, իմ ավագ հովվին՝ Արթուր Սիմոնյանին, Բագրատին, Հայաստանի հայությանը: Ես ձեզ շատ սիրում եմ, Գերմանիայում մենք աղոթում ենք ձեզ համար և կփորձենք օգտակար լինել ամեն ինչում: Ես մաղթում եմ, որ Տերն առատապես օրհնի յուրաքանչյուր մարդու տունը:

emil holandԷմիլ Սարգսյան, Հոլանդիայի և Բելգիայի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ

Ինձ համար Սուրբ Ծնունդն այս է, երբ Քրիստոս ծնվում է  առաջին հերթին յուրաքանչյուր մարդու սրտում: Ես մաղթում եմ ամբողջ աշխարհին վերստին ծնունդ, որպեսզի մեր կյանքերում անվերջ նորը ծնվի:

 

cherqezyan

Օնիկ Չերքեզյան, Բրյանսկի (Ռուսաստան) «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ

Սուրբ Ծնունդն ամենամեծ տոներից է, որը մենք ընտանիքում միշտ շատ ճոխ ենք նշում: Սուրբ Ծնունդը ընտանեկան օր է, Աստծուց մեծ նվեր է մարդկությանը: Ես մաղթում եմ, որ մեր ժողովուրդը երբեք հույսը չկորցնի և միշտ հիշի, որ մեր Տերը պատմության Աստված է: Մաղթում եմ, որ միշտ հավատան Աստծուն և տեսնեն ապագան: Ես միշտ ասում եմ, որ մարգարեությունը՝ դեռ չիրականացած պատմությունն է, իսկ պատմությունը՝ արդեն իրականացած մարգարեությունը: Մաղթում եմ, որ մարդիկ տեսնեն Աստծո նպատակներն ու ծրագրերը և ապրեն այդ մարգարեության մեջ:

artur nalbandyanԱրթուր Նալբանդյան, տարածքային հովիվ

Ծնվեց մեր Փրկիչը: Մեզ համար մի Սուրբ Ծնունդ կատարվեց, որի նմանը երբևէ չի եղել: Այս օրը մեզ համար ցնծություն և ուրախություն է: Սա տոն է, որը յուրաքանչյուրը պետք է նշի իր ընտանիքի հետ: Ես կոչ եմ անում, որ յուրաքանչյուր ընտանիք,  միաբանվելով մի օջախի շուրջ, միասին անցկացնի այս տոնը և միասին ուրախանա Աստծով:

 

Artur Musayelyan

Արթուր Մուսայելյան, Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու միսիոներական կենտրոնի
ղեկավար

Սուրբ Ծնունդը ինձ և ընտանիքիս համար մի  մեծ, ընտանեկան տոն է: Հատկապես երեխաներս շատ են սպասում այդ տոնին: Հենց այս օրը ծնվել է Տեր Հիսուսը, այսինքն՝ մի մեծ Հույս է ծնվել ամբողջ մարդկության համար: Նա ծնվել է, որ մենք կարողանանք քայլ կատարել խավարի աշխարհից դեպի Երկնային արքայություն: Ես շնորհավորում եմ բոլորին: Թող որ Սուրբ Ծնունդն ու եկող տարին ձեզ համար լինեն մեծ քայլ դեպի Աստծո արքայություն:

 


Բագրատ Գևորգյան, Դիլիջանի
«Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ

Սուրբ Ծնունդը ամեն ինչի սկիզբն է: Չլիներ Քրիստոսի ծնունդը, չէր լինի մնացած և ոչ մի բան: Սուրբ ծնունդը նոր սկիզբ է, նոր կյանք, թարմություն: Աստծո Խոսքում ասվում է. «Ով Քրիստոսում է՝ նոր արարած է. հներն անցան, ամեն բան նոր եղավ»: Ես մաղթում եմ, որ Սուրբ Ծնունդին ամեն մեկի կյանքում գա այդ Նորը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: