«Ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի, և նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է՝ Աստված մեզ հետ» (Մատթ.1.23):


Քրիստոսի ծնունդի մասին կան աստվածաշնչյան բազում մարգարեություններ: Սակայն նույնիսկ այս մի խոսքը ցույց է տալիս, թե որքան անսովոր և ոչ պատահական ծնունդ էր լինելու հրեական մի փոքրիկ քաղաքում, մեզնից ավելի քան 2000 տարի առաջ:

Տեղի էր ունենալու Ծնունդ, որը փոխելու էր  մարդկային անհամար ճակատագրեր, դառնալու էր պատմական կարևորագույն իրադարձություն և համաշխարհային պատմության մեջ զբաղեցնելու էր իր հաստատուն և անջնջելի տեղը:

Եվ այսպես, 2015 տարի առաջ Բեթլեհեմ քաղաքում ծնվեց Հիսուս Քրիստոսը, ինչպես Եսայի մարգարեն է ասում՝ մեզ համար մի Մանուկ ծնվեց, Ում անունը կոչվեց Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան (Եսայի 9.6):

Նա ծնվեց, որպեսզի աղքատներին ավետարանի, սրտով կոտրվածներին բժշկի, գերիներին թողություն քարոզի և կույրերին տեսողություն տա (տե՛ս Ղուկ. 4.18): Ծնվեց Նա, Ով հետագայում պետք է զոհեր Իր սուրբ կյանքը մեզ համար, խաչը բարձրանար և հավիտյան խայտառակեր չարին:

Այսօր Սուրբ Ծնունդը քրիստոնյա աշխարհի ամենակարևոր,  ամենաուրախ և ամենասպասված տոներից է: Այն նշվում է մեծ շուքով և հանդիսությամբ ոչ միայն հավատացյալների, այլև աշխարհիկ մարդկանց կողմից: Դարերի ընթացքում յուրաքանչյուր ազգ ձևավորել է Սուրբ Ծննդյան տոնակատարությունների յուրօրինակ մշակույթ: Եվ տարեց տարի այդ մշակույթն ավելի շքեղանում և հարստանում է:

Ավաղ, երբեմն մշակութային արտաքին շքեղության ներքո կարծես անտեսվում է օրվա իրական նշանակությունը: Երբեմն տոնի նյութական, երևացող կողմն ավելի է կարևորվում, քան հոգևորը:

Սիրելի՛ ընթերցող, հիշի՛ր, որ Սուրբ Ծնունդը ամենամյա գեղեցիկ սովորությունից զատ, անձամբ քեզ համար պետք է լինի իրական տոն, ուրախություն և ցնծություն: Սուրբ Ծնունդը տարվա  365 օրերից մեկն է, երբ նշում ես մարդացած Աստծո Ծնունդը, ով քեզ համար Իր անարատ կյանքը չխնայեց:

Այս օրը աշխարհիկ հաճույքներին տրվելու հերթական առիթ չէ: Սա ևս մեկ հնարավորություն է՝ շնորհակալություն հայտնելու Տիրոջը քեզ սիրելու և փրկելու համար: Այս օրվա գլխավոր խորհուրդը պահելը և մյուսներին ճշմարտությամբ պատմելը հենց քո՛ առաքելությունն է:
Հիշի՛ր, որ ծննդյան տարեդարձերը նշում են հոբելյարի հետ, և՝ որ Սուրբ Ծնունդը բացառություն չէ: Քո Փրկիչը՝ ինչպես մնացած 364 օրերին, այս օրը ևս քեզ հյուր է գալու և թակելու է սրտիդ դուռը: Երբ լսես դռան թակոցները, բա՛ց արա:

«… եթե մեկը լսի Իմ ձայնը և դուռը բաց անի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա՝ Ինձ հետ» (Հայտն.3.20):

Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս: Թող որ եկող տարում Քրիստոս Հիսուսը ծնվի յուրաքանչյուրիս սրտում և Իր Լույսը բերի մեր կյանքի մեջ:  

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: