
Թբիլիսիում ավարտվեց «Կյանքի Խոսք» միջազգային կոնգրեսը, որն ընթացավ Աստծո հիասքանչ ներկայությամբ, Սուրբ Հոգու զորությամբ, ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Սա յուրահատուկ ժամանակ էր, որ Տերը պատրաստել էր բոլորին զորացնելու, նորոգելու և Իր օրհնություններով լցնելու համար։
Ի դեպ, «Կյանքի Խոսք» միջազգային շարժման պատմության մեջ առաջին անգամ կատարվեց եպիսկոպոսների օրհնություն: Ավելի քան երեսուն երկրներից ժամանած հարյուրավոր հովիվների ներկայությամբ եպիսկոպոսներ ճանաչվեցին Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը, ինչպես նաև մյուս երկու կենտրոնների ավագ հովիվներ՝ Յոհակիմ Լյունդկվիստը (Շվեդիա) և Մաթս֊Օլա Իսհոյելը (Ռուսաստան):
Հիմք ընդունելով երեք այս հեղինակավոր ավագ հովիվների երկարամյա պտղաբեր ծառայության բնույթն ու ազդեցությունը՝ Կոնգրեսի մասնակիցները օրհնության աղոթք բարձրացրեցին Աստծուն՝ ի նշան այն բանի, որ նրանք արժանի են իրենց ծառայությունն իրականացնել որպես ողջ «Կյանքի Խոսք» միջազգային շարժման կողմից ճանաչված եպիսկոպոսներ:
Ի սրտե շնորհավորում ենք մեր սիրելի հովիվ Արթուր Սիմոնյանին այս հիշարժան և պատմական իրադարձության առթիվ և աղոթքով խնդրում Աստծուն, որ է՜լ ավելի զորավոր ձևով գործածի նրան Իր փառքի և Երկնքի արքայության համար: Հավատում ենք, որ սա սկիզբն է մի նոր ընթացքի, և որ մեր հովվի եպիսկոպոսական ծառայությունը կշարունակվի նորանոր հաջողություններով՝ ի բարօրություն Տիրոջ եկեղեցու և Ավետարանի գործի: