DAILY DEVOTION-am-1200-600

Շատ կարևոր է, որ քրիստոնյաներն այսօր լավ հասկանան, թե ինչ է Տիրոջ շնորհքը, և թույլ տան, որ դա գործի իրենց կյանքում:

Նախևառաջ` Աստծո շնորհքը մեզ գերբնական զորություն է տալիս՝ հաղթելու մեղքը և ապրելու սուրբ կյանքով: Այսօր զանազան ուսմունքներ կան, որոնք մարդկանց մոլորեցնում են: Այդ ուսմունքներից մեկի համաձայն` Քրիստոսին ընդունողները շնորհքի տակ են, և եթե մեղանչեն, շնորհքը կծածկի նրանց մեղքերը:

Ճիշտ է, երբ մենք Քրիստոսին ընդունում ենք, մեղքերի թողություն ենք ստանում, բայց շնորհքը  ծածկոց չէ մեր մեղքերի համար: Ընդհակառակը` շնորհքի  զորությամբ է, որ հաղթում ենք մեղքը, որպեսզի Աստծո առջև անբիծ ու անարատ լինենք: Ովքեր իրենց քրիստոնյա են համարում, բայց շարունակում են մեղք գործել` վկայակոչելով շնորհքը, իրականում շնորհքն ուրացած և շնորհքից զրկված մարդիկ են:

Մենք ոչ միայն փրկությունը, այլև Տիրոջ բոլոր բարիքներն ու օրհնությունները շնորհքով  ենք ստանում: Ոչ ոք չի կարող պարծենալ, թե Աստված իրեն փրկել կամ օրհնել է իր գործերի և արժանիքների համար: Այն ամենը, ինչ ունենք, բացառապես Տիրոջ շնորհքով է: Նա է իմաստություն, կարողություն, ուժ, տաղանդ, հանճար տվողը:

Որտեղ սպառվում են մեր բնական կարողությունները, այնտեղ սկսում է գործել Տիրոջ շնորհքը, առանց որի՝ չենք կարող Նրան ծառայել և մեծ գործեր կատարել:

Սիրելինե՛ր, եթե ցանկանում եք վայելել Տիրոջ շնորհքն ու բարիքները, ձգտե′ք անարատությամբ ապրել Աստծո առջև, քանի որ գրված է. «…Տերը շնորհք և փառք է տալիս. Նա ոչ մի բարիք չի խնայում անարատությունով գնացողներից»: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: