Այս շաբաթ մենք ունեցանք եկեղեցական մեկ ընդհանուր մեծ ծառայություն, որն անցկացրեց հովիվ Արթուր Սիմոնյանը: Այս անգամ նրա պատգամը քրիստոնեության անբաժանելի մաս կազմող Տերունական աղոթքի մասին էր:

Հիմնական խոսքին անցնելուց առաջ հովիվ Արթուրն անդրադարձավ մի քանի կարևոր խնդրի: Խոսելով Աստծո տան մեջ լինելու մեր շարժառիթներից՝ հովիվ Արթուրն անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք մենք գալիս ենք Տիրոջ տուն՝ Նրա խոսքը լսելու համար: Եթե՝ ոչ, ապա ճիշտ ժամանակն է փոխվելու:

Խոսելով Տերունական աղոթքի մասին՝ նա նշեց, որ այն պարզապես ինչ-որ ֆիզիկական խնդրվածք չէ: Մենք գործ ունենք հոգևոր դաշտի հետ: Նա հորդորեց՝ այս աղոթքը անգիր արած չկրկնել, այլ յուրաքանչյուր խոսք արտաբերելիս հասկանալ, թե Ում և ինչ ենք աղոթում:

«Հայր մեր, որ Երկնքում ես». Նա քո երկնային Հայրն է: Երբ սա գիտակցաբար ես հռչակում, կյանքումդ բացվում է երկնքից՝ երկիր ճանապարհը, իսկ խնդիրդ էլ՝ փառաբանության միջոցով լուծվում է:

«Սուրբ թող լինի անունը Քո». միայն Տեր Աստծո անունն է սուրբ: Այս տողերով մենք Տիրոջ սրբությունն ենք հռչակում մեր կյանքերում: Շատ կարևոր է գիտակցել այն, որ Սուրբ Հոգին բնակվում է մեզանում և մեր աչքերով նայում է այն ամենին, ինչին մենք ենք նայում:

«Թող գա արքայությունը Քո». Աստված Մեկն է, ով թագավորում է հավիտյան: Նա մեր կյանքերում պետք է լինի Իր թագավորական տեղում: Հայտնի է, թե ինչ է Տիրոջ արքայությունը՝ ուրախություն, խաղաղություն և արդարություն: Երբ այս ամենը գալիս է մեր կյանք, մենք փոխվում ենք արմատապես:

«Թող Քո կամքը լինի՝ ինչպես Երկնքում, այնպես էլ երկրի վրա». մեր ձեռնարկած ամեն գործ կհաջողվի, եթե միայն այն լինի Տիրոջ՝  բարի, հաճելի և կատարյալ կամքի մեջ:

«Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր». այս տողերը ենթադրում են նաև ամենօրյա հոգևոր հացը, որը կարող ենք ստանալ Աստվածաշնչից: Երբ արտաբերում ես այս տողերը, պարզապես բացի՛ր և կարդա՛ Աստծո Խոսքից մի քանի գլուխ: Այդ խոսքով կապրես ամբողջ օրդ:

«Եվ ներիր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին». շատ հաճախ մեր աղոթքներն անպատասխան են մնում, որովհետև սրտի խորքում չենք ներում այն մարդկանց, ովքեր մեզ ցավեցրել են: Մենք պետք է կարողանանք ներել մարդկանց, որպեսզի մեր Հայրն էլ մեզ ների:

«Եվ մի տանիր մեզ փորձության». ամեն մարդ էլ կարող է փորձվել: Համաձայն Աստծո Խոսքի՝ Տերը մեզ մեր ուժերից վեր չի փորձի: Սակայն Տերը նաև պատվիրում է, որ փորձության մեջ չընկնելու համար աղոթք անենք:

«Այլ փրկիր մեզ չարից». շատ հաճախ մտածում ենք, որ եթե Աստված մեզ հետ է, չարը մեզ մոտենալ չի կարող: Սակայն Աստծո Խոսքում ասվում է, որ սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս, որ մեկին կուլ տա: Մենք ամեն օր կարիք ունենք խնդրելու, որ Տերը մեզ չարից ազատի:

«Քանի որ Քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս, ամե՛ն»:

Տերը վեր է ամեն տեսակի մրցակցությունից: Նա տիրում է ամենուր: Եվ Նրան է պատկանում ամբողջ փառքը, զորությունն ու արքայությունը:

Տերունական աղոթքը գիտակցաբար աղոթելով՝ մենք դառնում ենք չարից պաշտպանված, լցված Աստծո Խոսքով, խաղաղ և ուրախ, իսկ մեր կյանքը վերածվում է մեծ հրաշքների իրական վկայության:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: