Աստծո Խոսքն ասում է, որ Աստված չի մերժում արդարին, մինչև որ նրա բերանը լցնի ծիծաղով և շրթունքները` ցնծության ձայնով:

Սիրելինե՛ր, սա Տիրոջ կամքն է մեզ համար: Նա մեզ չի ստեղծել մերժված լինելու համար: Երբ մենք Տիրոջ հետ ենք, օրհնված ենք:

Բայցևայնպես, այսօր շատ հավատացյալներ մերժվածության զգացում ունեն, ոմանք նույնիսկ հատուկ դասընթացների են հաճախում, սակայն չեն ազատագրվում այդ զգացումից: Պատճառն այն է, որ չեն ճանաչում Աստծուն: Եթե հանդիպեն Տիրոջը, մերժվածության զգացումը կհեռանա:

Աստված ոչ թե մերժում է քեզ, այլ վերականգնում է քո կյանքը, մինչև որ բերանդ լցնի ծիծաղով և շրթունքներդ` ցնծության ձայնով: Ուստի, երբ ծիծաղում ես, մի՛ ասա. “Հետաքրքիր է, ինչո՞ւ եմ այսքան ծիծաղում”: Տե՛րն է քեզ ուրախություն տալիս: Եվ եթե այսօր ուրախ ես, մի՛ մտածիր, որ վաղն անպայման տխուր ես լինելու: Վայելի՛ր քո ուրախությունը:

Աստված մեզ խոստացել է ոչ թե ուրախ օրեր, այլ ուրախ կյանք: Աստվածաշնչում գրված է “կյանք և էլ ավելին”, որ նշանակում է՝ հավիտենական կյանք: Եթե այսօր տխուր ես, պատճառն այն է, որ երեկ հավատացել ես տխուր կյանքին՝ համոզված լինելով, որ ոչինչ չես կարող փոխել:

Հավատա՛ ուրախ և հաղթական կյանքին: Քայլի՛ր Տիրոջ ճանապարհով, և կյանքդ ցնծությամբ կլցվի: Եթե արդար ես, Աստված քեզ երբեք չի մերժի: Ամե՛ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: