Արդեն մի քանի օր է, ինչ խոսում ենք այն 12 օրհնությունների մասին, որոնք խոստացված են Տիրոջից վախեցողներին:

Այսօր կխոսենք 8-րդ օրհնության մասին: Աստծո Խոսքն ասում է, որ ամբարիշտների օրերը կկարճանան, իսկ Տիրոջից վախեցողների օրերը կերկարեն:

Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր երիտասարդ մահերը պետք է կապենք մեղքի հետ: Աստվածաշունչն ասում է` ինչ որ պատահում է ամբարիշտին, նույնը պատահում է նաև արդարին: Բայց, միևնույն է, այս խոսքը մեր մեջ երկյուղ է առաջացնում, որ հեռու մնանք մեղքից:

Միգուցե դու լուրջ հիվանդություն ունես, բայց ամեն օր քնում ու զարթնում ես` կարծես ոչինչ էլ չկա, որովհետև Տերը երկարացնում է քո օրերը:

Սիրելինե°ր, մենք չենք էլ պատկերացնում, թե Աստված մեզ ինչ փորձանքներից է փրկել: Միգուցե մենք արդեն մահացած կլինեինք հիվանդությունից, ավտովթարից կամ այլ դժբախտ պատահարից, եթե Աստված մեր օրերը չերկարացներ: Պարզապես Նա չի հայտարարել, և մենք չենք էլ իմացել այդ մասին:

Իմացե°ք` որքան լցված լինեք Տիրոջ երկյուղով, այնքան ձեր օրերը կերկարեն, որպեսզի պտուղ բերեք այս երկրի վրա:

Երբ մենք լցված ենք երկյուղով, Տերը մեզ վստահում է, և մենք կարող ենք շատ գործեր անել ու պիտանի լինել աշխարհին: Բայց երբ կորցնում ենք երկյուղը, սատանան ներխուժում է մեր կյանք և գողանում մեր օրերը:

Աստված մեզ երկար օրեր է խոստանում նաև այն ժամանակ, երբ պատվում ենք մեր ծնողներին:

Լցվե°ք Տիրոջ երկյուղով, հեռացե°ք մեղքից, հարգե°ք և պատվե°ք ձեր ծնողներին, և երկար կյանք կունենաք այս երկրի վրա:

Աստված օրհնի ձեզ: Ամե°ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: