Առաջիկա օրերի ընթացքում կխոսենք Տիրոջ երկյուղի մասին, որովհետև սատանան հենց դա է ուզում գողանալ քրիստոնյաներից՝ հասկանալով դրա կարևորությունը: 

Նա չի գալիս` գողանալու այն հայտնությունը, որ Քրիստոսն Աստված է, որովհետև դա արմատավորված է քրիստոնյաների սրտում, իսկ ինչ վերաբերում է Տիրոջ երկյուղին, նրանք հեշտությամբ կորցնում են: Նա ինքը, որ սկզբից հրեշտակապետ էր, կորցրեց ոչ թե Աստծո հանդեպ հավատքը (նա լավ գիտեր, որ Աստված կա), այլ՝ երկյուղը, այդ պատճառով էլ ապստամբեց Նրա դեմ: 

Աստվածաշնչում գրված է, որ Տիրոջ երկյուղը չարն ատելն է: Շատ քրիստոնյաներ ասում են, թե հավատում և սիրում են Աստծուն: Եթե հավատում և սիրում ենք Աստծուն, պետք է վախենանք մեղք գործելուց: 

Այսօր բազմաթիվ մարդիկ իրենց քրիստոնյա են անվանում, բայց ապրում են զանազան մեղքերի` սեռական պղծությունների, բամբասանքների, քննադատությունների մեջ: Այցելե՛ք քրիստոնեական կայքեր, ֆորումներ, և կտեսնեք, թե ինչպես են նրանք քննադատում միմյանց:  

Մի հովիվ համացանցում իր կարծիքն էր գրել ինչ-որ հարցի վերաբերյալ` մեջբերելով Աստծո Խոսքը: Նա այնքան քննադատություններ էր ստացել հոգևոր եղբայրներից, որ այդ ամենը կարդալուց հետո միայն մի եզրակացության կարելի էր գալ՝  նրանք իսկապես կորցրել են աստվածավախությունը: 

Գրված է, որ Տիրոջ համար ատելի է նենգավոր բերանը: Նա ատում է հպարտությունը, ամբարտավանությունը և չար ընթացքը: Ցավոք սրտի, այսօր մարդկանց մեջ այնքան հպարտություն կա: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են մարդիկ արտահայտվում միմյանց հասցեին, որքան անարգանք կա թե՛ միմյանց, թե՛ եկեղեցու, թե՛ կառավարության հանդեպ: Տեսեք, թե ինչպես են նրանք  պայքարում՝ եկեղեցում խմելը, ծխելը և մյուս մեղքերը արդարացնելու համար: 

Սիրելինե՛ր, եկեք վերադառնանք աստվածավախությանը: Ատե՛նք չարը, և Աստված կօրհնի մեզ: Ամե՛ն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: