Արդեն մի քանի օր է, ինչ խոսում ենք այն 12 օրհնությունների մասին, որոնք խոստացված են Տիրոջից վախեցողներին:

Այսօր կխոսենք 8-րդ օրհնության մասին: Աստծո Խոսքն ասում է, որ ամբարիշտների օրերը կկարճանան, իսկ Տիրոջից վախեցողների օրերը կերկարեն:

Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր երիտասարդ մահերը պետք է կապենք մեղքի հետ: Աստվածաշունչն ասում է` ինչ որ պատահում է ամբարիշտին, նույնը պատահում է նաև արդարին: Բայց, միևնույն է, այս խոսքը մեր մեջ երկյուղ է առաջացնում, որ հեռու մնանք մեղքից: 

Միգուցե դու լուրջ հիվանդություն ունես, բայց ամեն օր քնում ու զարթնում ես` կարծես ոչինչ էլ չկա, որովհետև Տերը երկարացնում է քո օրերը:  

Սիրելինե՛ր, մենք չենք էլ պատկերացնում, թե Աստված մեզ ինչ փորձանքներից է փրկել: Միգուցե մենք արդեն մահացած կլինեինք հիվանդությունից, ավտովթարից կամ այլ դժբախտ պատահարից, եթե Աստված մեր օրերը չերկարացներ: Պարզապես Նա չի հայտարարել, և մենք չենք էլ իմացել այդ մասին: 

Իմացե՛ք` որքան լցված լինեք Տիրոջ երկյուղով, այնքան ձեր օրերը կերկարեն, որպեսզի պտուղ բերեք այս երկրի վրա:

Երբ մենք լցված ենք երկյուղով, Տերը մեզ վստահում է, և մենք կարող ենք շատ գործեր անել ու պիտանի լինել աշխարհին: Բայց երբ կորցնում ենք երկյուղը, սատանան ներխուժում է մեր կյանք և գողանում մեր օրերը: 

Աստված մեզ երկար օրեր է խոստանում նաև այն ժամանակ, երբ պատվում ենք մեր ծնողներին: 

Լցվե՛ք Տիրոջ երկյուղով, հեռացե՛ք մեղքից, հարգե՛ք և պատվե՛ք ձեր ծնողներին, և երկար կյանք կունենաք այս երկրի վրա: 

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: