Պողոս առաքյալը Փ‎‎իլիպպեի եկեղեցուն կոչ էր անում՝ Աստծո Խոսքին հնազանդ լինելու ոչ միայն իր ներկայության ժամանակ, այլև բացակայության:

Շատ հեշտ է Աստծո Խոսքին հնազանդ լինել, երբ առաքյալի կամ հոգևոր ավագի կողքին ես, բայց կարո±ղ ես ճշմարիտ քրիստոնեական կյանքով ապրել, երբ կողքիդ ոչ ոք չկա:

Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ ընդունակ է՝ կառավարելու իրեն: Կարիք չկա, որ մեզ անընդհատ հիշեցնեն Քրիստոսին հետևելու անհրաժեշտության մասին: Մենք կարող ենք որոշում կայացնել և ողջ կյանքում հետևել մեր Տիրոջը:

Այսօր տարածված է մի ուսմունք, որի հետևորդները պնդում են, թե մարդը, փրկվելով մեկ անգամ, փրկված է հավիտյան: Սակայն սա մոլորություն է: Կարդալով Աստվածաշունչը` մենք տեսնում ենք, որ փրկությունը կարելի է կորցնել:

Ճիշտ է, Նոր կտակարանի համաձայն` մենք շնորհքի տակ ենք: Տիրոջ շնորհքը, իսկապես, մեծ է, բայց մենք չպետք է անշնորհք լինենք. շնորհքը մեզ իրավունք չի տալիս՝ մեղք գործելու:

Այսօր քրիստոնեական աշխարհում վիճաբանություններ են առաջանում ոգելից խմիչքի օգտագործման և աշխարհում ընդունված այլ սովորույթների ու ավանդույթների շուրջ: Ոմանք ասում են. “Մենք փրկված ենք, և ինչ էլ անենք, միևնույնն է, դրախտ կգնանք”: Սակայն Աստվածաշունչն ասում է. “… ահով և դողով գործեցե՛ք ձեր անձերի փրկությունը”: Նշանակում է՝ եթե մեր սրբությունն ու արդարությունը չպահպանենք, մեր փրկությունը կկորցնենք:

Վերջին օրերին մոլորեցնող ուսմունքներն ավելի կշատանան: Եվ եթե քրիստոնյաներն արթուն չլինեն, մեղքի մեջ կընկնեն:

Աստվածաշունչն ասում է, որ մեղքի վարձքը մահն է: Մենք պետք է սկզբունքային մարդիկ լինենք և մերժենք մեղքի ցանկացած դրսևորում:

Սիրելինե՛ր, երբեք մի՛ փորձեք արդարացնել մեղքը: Հիշե՛ք՝ եթե գիտակցաբար մեղք եք գործում, այլևս քավության արյուն չի մնում ձեզ համար: Արդարության տանող մի ճանապարհ կա, որն է՝ ապաշխարությունը: Ապաշխարե՛ք և “ահով ու դողով գործեցե՛ք ձեր անձերի փրկությունը”: Ամե՛ն:


***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: