Դավիթ թագավորը փափագում էր, որ Աստծո լույսն ու ճշմարտությունն իրեն առաջնորդեն դեպի Աստծո սուրբ սարը և բնակարանները: Հիսուսն ասաց, որ մենք երկնքում հավիտենական բնակարաններ ունենք: Ուստի, մենք էլ Դավթի նման կարող ենք աղոթել. «Ուղարկի՛ր Քո լույսը և Քո ճշմարտությունը. նրանք առաջնորդեն ինձ և տանեն ինձ դեպի Քո սուրբ սարը և դեպի Քո բնակարանները»:

Դավթի աղոթքը լսվեց. դրանք մարգարեական խոսքեր էին Քրիստոսի մասին, որ իրականացան մոտ երկու հազար տարի առաջ: Քրիստոսը ծնվեց: Նա է մեր լույսը և ճշմարտությունը: Հավատալով Նրան, հետևելով Նրա ճշմարտությանը և քայլելով Նրա լույսի մեջ՝ մենք գերբնական ուժ ենք ստանում` հասնելու մեր հավիտենական բնակարաններին: Չէ՞ որ մեր երկրային կյանքը և բնակարանները ժամանակավոր են:

Այսօր շատ մարդիկ կառչում են իրենց ժամանակավոր կացարաններից՝ մերժելով հավիտենականը: Նրանք հրաժարվում են լույսից, որովհետև իրենց գործերը խավար են:

Սիրելինե’ր, եթե ձեր գործերը խավար են, մոտեցե՛ք Հիսուսին: Որքան մոտենաք Նրան, այնքան ձեր կյանքը կլուսավորվի, և ձեր լույսը կփայլի աշխարհում: Գրված է. «Այսպես լուսավորի ձեր լույսը մարդկանց առջև, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5.16):

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: