Դեկտեմբերի 8-9-ը մեր եկեղեցում կայացավ Հովիվների և ավագների ամենամյա կոնֆերանսը, որի ընթաքում եկեղեցին մի տանիքի տակ էր միաբանել ինչպես Երևանի և Հայաստանի շրջանների «Կյանքի Խոսք» եկեղեցիների, այնպես էլ արտերկրի մեր հովիվներին, ավագներին և ծառայողներին:

Կոնֆերանսի շրջանակներում բանախոսներն իրենց քարոզներով ու վկայություններով կոչ էին անում ներկաներին՝ Աստծո կրակը միշտ բորբոքված պահել մեր ներսում և նոր թարմությամբ սկսել ծառայել Տիրոջը: Այսօր աշխարհն առավել քան երբևէ ունի Հիսուս Քրիստոսի փրկության, իսկ եկեղեցին՝ Սուրբ Հոգու և ծառայության պարգևների կարիքը:

«Սատանան սարսափում է մեր աղաղակներից: Այսօր ժամանակն է, որ մենք բարձր աղաղակենք սատանայի վրա, այլ ոչ թե թույլ տանք, որ նա գոռա մեզ վրա: Եկել է ժամանակը, որ քրիստոնեական ազդեցությունը լինի ամեն տեղ: Մենք չպետք է Աստծուց վերցնենք օծությունը և, այնուհետ, լռենք կամ քուն մտնենք. եթե ունես օծություն, ուրեմն սկսիր գործել քո պարգևներով»,- նշեց հովիվ Արթուր Սիմոնյանը՝ կոչ անելով ծառայողներին արթնության տարածողներ լինել:

Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանն անդրադարձավ սրբությանը. «Մեր օրերում սրբությունը շատ արհամարհված ու անտեսված երևույթներից է: Բայց, եթե ուզում ենք Աստծուն տեսնել, պետք է մտնենք սրբության մեջ: Մեր խոսքերը ոչ մի արժեք չունեն, եթե մենք չունենք համապատասխան ապրելակերպ»,- նշեց նա՝ հավելելով, որ մեզ նայելով` մարդիկ պետք է տեսնեն, թե ինչպես են պատվում, ինչպես են հնազանդվում, ինչպես են սիրում:

Խոսելով Աստծո ծառայող լինելու մասին՝ հովիվ Նիկոլայ Զալուցկին կարևորեց հավատարմությունն ու Սուրբ Հոգու հետ մտերմությունը. «Որպես ծառայող կայանալու համար դու պետք է վճարես գին` լինես հավատարիմ: Տիրոջ Հոգին շարժվում է, և երբ դու հավատարմությամբ ծառայում ես, Նրա Հոգին գործում է քո միջոցով: Տիրոջ Հոգին մեզ վրա է և Նրա խորհուրդները, ուրախությունը, գիտությունը, առաջնորդությունը, զորությունը միշտ մեզ հետ կլինեն»:

Եպիսկոպոս Էդուարդ Գրաբովենկոն, վկայելով իր կյանքը, խոսեց քրիստոնեական  ընթացքներից՝ նշելով, որ մեր ճանապարհի յուրաքանչյուր փուլն Աստված անցնում է մեզ հետ միասին. «Մեր քրիստոնեական ընթացքը երբեք հեշտ չի լինում, բայց այն անցնելիս` մենք երբեք չենք դադարում տեսնել Աստծո ձեռքը, Նա երբեք չի դադարում լինել Աստված ու Իր մեծությամբ փառավորվել մեր կյանքում:

Այսօր մենք ոչ թե պետք է կենտրոնանանք մեր հարմարավետության, հագուստի կամ համբավի վրա, այլ ամեն բան մի կողմ թողնելով` ծառայենք Տիրոջը, հասնենք այն մարդկանց, ովքեր դեռ չեն ճանաչում Աստծուն»:

Համաժողովի ողջ ընթացքում տիրում էր Տիրոջ գերբնական ներկայությունը։ Տասնմեկ երկրներից մեկ վայրում համախմբված հարյուրից ավելի հովիվներն ու 2000-ից ավելի ավագները միաբան երկրպագում էին Տիրոջը, շփվում էին միմյանց հետ՝ վկայելով Տիրոջ հրաշալի գործերն իրենց կյանքում և ծառայության մեջ:

Ծառայություններից բացի՝ մասնակիցներն ունեցան նաև վարպետության դասեր հովիվներ Արթուր Սիմոնյանի, Լեոնիդ Մալկոյի և Բագրատ Բեկչյանի հետ, ովքեր իրենց փորձառությամբ սովորեցնում և կիսվում էին ծառայողների հետ:

Այս օրերի ընթացքում հազարավոր մարդիկ մեզ էին հետևում նաև ուղիղ հեռարձակման միջոցով՝ այդ կերպ դառնալով մեր կոնֆերանսի մասնակիցը:

Ներկաների վկայությամբ՝ համաժողովն իսկապես վերականգնող ու թարմացնող էր, ինչը հնարավորություն կտա իրենց նոր եռանդով և ուժով ծառայել Տիրոջն ու պտուղ բերել Նրա Արքայությանը:

 

 

 

 

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: