“Некоторые своими связями, но я – Богом”: интервью с Кристиной Овакимян

Օրեր առաջ Սոչիում կայացած հայտնի «IDO European Championships and World Cups – SOCHI 2015 ART GAMES» մրցաշարում «Hip-Hop Life» պարային խմբի գեղեցիկ կատարումները հաղթանակով պսակվեցին: Wolarm.org կայքին տված հարցազրույցում խմբի ղեկավար, պարուսույց Քրիստինե Հովակիմյանը կիսվում է իր տպավորություններով, խոսում խմբի առաջիկա ծրագրերի մասին:

Քրիստինե, ինչպե՞ս կմեկնաբանեք խմբի ելույթները առաջնությունում:

Շատ լուրջ էինք պատրաստվել պարի առաջնությանը: Երեխաները օրական երկու անգամ էին գալիս պարապմունքների: Չէինք խնայում ո՛չ ջանք, և ո՛չ ժամանակ: Ծնողներն էլ իրենց հերթին էին մեծ աջակցություն ցուցաբերում թե՛ Երևանում, և թե՛  Սոչիում, ինչի համար շատ շնորհակալ եմ իրենցից:

Երևան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել էիք, որ չէիք սպասում հաղթանակի: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

Չէինք սպասում հաղթանակի, քանի որ երեխաներն առաջին անգամ էին մասնակցում այդպիսի մեծամասշտաբ մրցույթի արտերկրում: Աշխարհի գավաթի առաջնություն էր: Այդ պատճառով էլ շեշտադրում էինք արել ավելի շատ պատշաճ և լավ ելույթի, քան հաղթանակի վրա: Բայց մեծ ուրախություն և ոգևորություն էր, երբ երկու անգամ հնչեց մեր երկրի հիմնը: Չէինք սպասում, հուզվել էինք, փշաքաղվել: Անձամբ ինձ համար գավաթից, հաղթանակից առավել ոգևորող էին գլխավոր մրցավարի գովեստի խոսքերը: Նա ասաց, որ մեր երխաները շատ լավ հանդես եկան, և որ մենք լավ Hip-Hop պարերի դպրոց ունենք:   

Որպես խմբի ղեկավար և պարուսույց՝ որքանո՞վ եք կարևորում Աստծո դերն ու մասնակցությունը խմբի անդամների կյանքում, և որքանով է անհատի հոգևոր կյանքը շաղկապված ֆիզիկական աշխարհում ձեռքբերումներ ու հաղթանակներ ունենալու հետ:

Աստված է մարդուն տաղանդներ և շնորհներ տալիս: Նա է մարդուն աշխատասիրությամբ և ուժով լցնում:  Շնորհակալ եմ  Աստծուն, որ տվել է ինձ լավ պարուսույց լինելու, գեղեցիկ պարեր բեմադրելու տաղանդ: Իմ աղոթքն է, որ Նա ինձ տա բեմադրական յուրահատուկ ձեռագիր և առաջնորդի ոչ միայն  պարարվեստի, այլև կյանքիս մյուս բնագավառներում:

Ես միշտ ասում եմ. «Ոմանք՝ իրենց տաղանդով, ոմանք՝ իրենց կապերով և ծանոթություններով, բայց ես՝ Աստծով»:

Ես պատասխանատվությամբ եմ վերաբերվում իմ ունեցած տաղանդին: Փորձում եմ զարգանալ, սովորել, առաջ գնալ, սակայն նաև հասկանում եմ, որ Տերն է ուղղորդողը: Սիրում եմ մտորել Աստծո Խոսքի, Իր կամքի շուրջ, ստուգել ինձ, հաստատվել հավատքում: Առանց Աստծո ամեն բան անիմաստ է, առանց Նրա ինձ ոչինչ պետք չէ:

Ի՞նչ ծրագրեր ունի խումբը ապագայում:

Սոչիում մասնակցել ենք մինչև 15 տարեկանների առաջնությանը: Այժմ մեծ ոգևորությամբ ու ուժով զբաղվում ենք Սուրբծննդյան մյուզիքլի նախապատրաստական աշխատանքներով:

Մյուզիքլին մասնակցելու են ոչ միայն մեր խմբի երիտասարդները, այլև հայտարարված քասթինգից հետո ընտրված պարողներ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: