Պողոս առաքյալը Թեսաղոնիկեի եկեղեցու անդամներին հորդորում է, որ չշարժվեն իրենց մտքից և չզարհուրեն: 

Մարդու միտքը կարող է ղեկավարվել ինչպես Աստծո Հոգուց, այնպես էլ սատանայից: Այս աշխարհի մթնոլորտը նույնպես կարող է մեծ ազդեցություն ունենալ մտքի վրա: Բայց նա, ով հոգուց է ծնված, հոգևոր մարդ է, և նրա միտքը պետք է ղեկավարվի Աստծո Հոգուց:

Երբ թուլանում ենք հոգևոր կյանքում, մեր միտքը դադարում է Հոգով առաջնորդվելուց: Այդ պատճառով էլ Պողոս առաքյալը զգուշացնում է, որ չշարժվենք մեր մտքից և չզարհուրենք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ թղթով:

Դա նշանակում է, որ մեր միտքը պետք է կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի և Ավետարանի վրա: Մենք չպետք է բարկանանք, զարհուրենք, մտահոգվենք, դեպրեսիայի մեջ ընկնենք, այլ պետք է ջանք անենք, որ մեր միտքը պահենք խաղաղության, արդարության և սրբության մեջ:

Միգուցե հարց ծագի. «Ինչպե՞ս կարող ենք մեր միտքը պահել խաղաղության, արդարության և սրբության մեջ, երբ ապրում ենք այս աշխարհում, որտեղ շատ դաժանություններ, դժվարություններ ու խնդիրներ կան»:

Սիրելինե՛ր, հավատացե՛ք, որ ամեն դժվարություն և զարհուրանք կարելի է հաղթահարել Տիրոջ օգնությամբ: Երբ գալիս են դժվարությունները, և զգում ես, որ միտքդ սկսում է տատանվել, սկսի՛ր աղոթել, Աստվածաշունչ կարդալ, և կտեսնես, թե ինչպես կլցվես խաղաղությամբ, արդարությամբ և սրբությամբ: 

Մենք կարող ենք կառավարել մեր միտքը Աստծո Խոսքի և աղոթքի միջոցով, և բոլոր բացասական մտքերը, մտահոգությունը, զարհուրանքը կհեռանան մեզնից: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: