=Տիրոջ կամքն է, որ Իր զավակներն իմաստուն լինեն և հայտնություններ ունենան:

Պողոս առաքյալն աղոթում էր, որ Աստված եկեղեցուն տար իմաստության և հայտնության հոգի` իր գիտությունով:

Այսօրվա իմ կոչն է, որ մենք էլ աղոթենք այս աղոթքը: Կարծում եմ՝ քրիստոնյայի համար ամենակարևոր բանը Աստծո իմաստությունը, գիտությունը և հայտնությունը ունենալն է: Եթե այս երեքը ունես, քո կյանքում առաջ կգնաս և կհասնես այն ամենին, ինչ Տերը պատրաստել է քեզ համար:

Սողոմոն Իմաստունը Իսրայելի թագավորներից ամենահարուստն էր, որովհետև իմաստություն խնդրեց Աստծուց, ոչ թե արծաթ և ոսկի: Աստված նրան ասաց. “Որովհետև դու այս բանը խնդրեցիր և քեզ համար չխնդրեցիր շատ օրեր, և քեզ համար չխնդրեցիր հարստություն, և չխնդրեցիր քո թշնամիների կյանքը, այլ քեզ համար դատ լսելու իմաստություն խնդրեցիր, ահա քո խոսքի պես պիտի անեմ… Ու նաև քո չուզածն էլ տվի քեզ` հարստություն էլ, փառք էլ, որ քեզ նման մի մարդ չի լինի թագավորների մեջ քո բոլոր օրերում” (Գ Թագ.3.11,12):

Աստված նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Մենք նույնպես կարող ենք իմաստություն, հայտնություն և գիտություն խնդրել Նրանից:

Իմաստությունը մեզ հնարավորություն կտա՝ տեսնելու ապագան և ճիշտ քայլեր անելու: Գիտության շնորհիվ մենք կիմանանք, թե ինչ է եղել անցյալում և կզգուշանանք նույն սխալները գործելուց, իսկ Աստծո Խոսքի հայտնությունը մեզ կօգնի՝ դառնալու այնպիսի մարդիկ, ովքեր կարող են օգտակար լինել այս աշխարհին և Աստծուն: Աստվածաշնչում գրված է, որ աշխարհի զավակներն սպասում են Աստծո որդիների հայտնությանը:

Հավատացե°ք, որ երբ սրտանց աղոթեք. “Տե°ր, խնդրում եմ, տուր ինձ իմաստություն, հայտնություն և գիտություն”, Աստված ձեզ կլցնի Իր իմաստությամբ, գիտությամբ և այն հայտնություններով, որոնց կարիքն ունեք:

Աստված օրհնի ձեզ: Ամե°ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: