Պողոս առաքյալն այստեղ խոսում է սատանայի մասին: Մենք գիտենք, որ վերջին ժամանակներում հայտնվելու է հակաքրիստոսը և իր արքայությունն է կառուցելու այս աշխարհում: Նա իրեն հռչակելու է աստված և մարդկանց պարտադրելու է, որ իրեն երկրպագեն:

Գրված է, որ անօրենության խորհուրդն արդեն զորանում է: Այսօր իսկապես ականատես ենք լինում, թե ինչպես է աճում և տարածվում անօրենության խորհուրդը: Ամեն օր մի նոր անօրենություն է ծնվում: Կան բաներ, որոնք անցյալում մեղք էին համարվում, իսկ այսօր տեղ են գտնում մշակույթում: Երբ հեռուստացույց ես դիտում, զարմանում ես, թե ինչպես է համասեռամոլությունը ներկայացվում որպես բնական երևույթ:

Աստծո Խոսքն ասում է, որ անօրենության խորհուրդը զորանում է, մինչև որ մեջտեղից վեր առնվի խափանողը:

Ո՞վ է խափանողը: Ո՞վ է խանգարում սատանայի գործերին: Իհարկե, խոսքը Տիրոջ եկեղեցու մասին է: Ես վստահ եմ, որ եկեղեցին չպետք է լռի, այլ պետք է տարածի Աստծո Խոսքը և ճշմարտությունը: Աստծո զավակները պետք է հանդիմանեն մեղքը, ոչ թե հանդուրժեն:

Կան եկեղեցիներ, որտեղ չեն ցանկանում քարոզել մեղքի դեմ, այլ խոսում են միայն Աստծո օրհնությունների և բարգավաճման մասին: Կարծում եմ՝ այդ եկեղեցիները հեռացել են իրենց կոչումից, որովհետև եկեղեցին կանչված է հանդիմանելու մեղքը և ապաշխարության առաջնորդելու մարդկանց:

Երբ վեր առնվի խափանողը, այսինքն` եկեղեցին հափշտակվի այս աշխարհից,
անօրենության խորհուրդն ավելի կզորանա, և կհայտնվի սատանան` հակաքրիստոսը, մինչև որ Աստված նրան կսատկեցնի Իր բերանի հոգով: Դա կլինի Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ:

Սիրելի՛ս, ցանկանում եմ քեզ կոչ անել, որ դառնաս եկեղեցու մասնիկը և մարդկանց առաջնորդես դեպի Աստծո արքայությունը: Մի՛ լռիր, այլ հանդիմանի՛ր մեղքը, ամեն ինչ արա՛, որ անօրենությունը վերանա ինչպես քո, այնպես էլ ուրիշների կյանքից:

Տերը օրհնի քեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: