Աստծով արդարությունը հայտնվում է հավատքից հավատքի մեջ: Կարդալով այս խոսքերը՝ Մարտին Լյութերը հայտնություն ստացավ, որն էլ հետագայում հիմք հանդիսացավ Բարեփոխման համար: Փաստորեն, Պողոս առաքյալի այս ուղերձը, որ հասցեագրված էր Հռոմի եկեղեցուն, փրկություն բերեց բոլոր եկեղեցիներին: Մարդիկ նոր տեսանկյունից սկսեցին նայել հավատքին` հասկանալով, որ արդարը հավատքից կապրի:

Յուրաքանչյուր մարդ հավատքի կարիք ունի: Երբ ինչ-որ հարցում տկարանում կամ հուսահատվում ենք, պատճառն այն է, որ կորցնում ենք մեր հավատքը, իսկ հավատքը կորցնելով` կարող ենք կորցնել ամեն բան:

Աստվածաշնչում գրված է, որ հավատքը լսելուց է, իսկ լսելը` Աստծո Խոսքից: Որքան մեր կյանքում Աստծո Խոսքի հեղինակությունը բարձրանա, այնքան մեր հավատքը կավելանա:

Եթե տանը նստենք ու ոչինչ չանենք, մեր հավատքը չի ավելանա, ընդհակառակը` կպակասի: Հավատքն ավելանում է, երբ գնում ենք եկեղեցի, լսում Աստծո Խոսքը, հաղորդակցվում Աստծո հետ:

Հավատքը սահմաններ չունի. այն կարող է ավելանալ ու ավելանալ: Բայց երբ մարդը դադարում է հավատալուց, նրա հավատքի կյանքում հետընթաց է սկսվում. նա որքան առաջադիմել էր հավատքի մեջ, այնքան էլ նահանջում է դեպի անհավատությունը:

Ինչպե՞ս կարելի է իմանալ` մեր հավատքն ավելացե՞լ է, թե՞ պակասել: Հավատքը երևում է գործերից. երբ մենք դադարում ենք հավատալուց, դադարում ենք նաև գործելուց: Կարելի է ասել, որ հավատքը՝ գործողություն է: Մի գործողությունը կատարելով՝ մենք անցնում ենք հաջորդին, և այդպես ավելի ու ավելի կատարելագործվում ենք հավատքի մեջ:

Սիրելինե՛ր, լցվե՛ք հավատքով, որովհետև հավատքը արդարի կյանքի աղբյուրն է: Գրված է. “Արդարը հավատքից կապրի”: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: