Պողոս առաքյալը գրում է, որ մեզնից ոչ ոք իր համար չի ապրում, այլ ապրում է Տիրոջ համար: Շատերը կարող են չհամաձայնել այս խոսքերի հետ, վիճաբանել` ասելով, որ դրանք մարդասիրական չեն:

Հումանիզմը՝ մարդասիրությունը, այսօր այն աստիճանի է ներթափանցել բոլոր բնագավառներ, որ մարդիկ Աստծուն ընդհանրապես հանել են իրենց կյանքից և ծրագրերից: Բայցևայնպես, երբ մահը մոտենում է, մարդն զգում է Աստծո կարիքը:

Շատերն ինձ մոտենում և խնդրում են` աղոթել իրենց մահամերձ բարեկամների համար, որպեսզի նրանք փրկություն ստանան և երկինք գնան: Զարմանալի է, որ Աստված նրանց պետք է միայն մահից հետո, ոչ թե այս կյանքում: Նրանք ուզում են այս կյանքում զվարճանալ, հաճույքներ վայելել, իսկ մահից հետո` փրկվել և երկինք գնալ: Սակայն այդպես չի լինի:

Պողոս առաքյալն ասում է, որ մենք ապրում ենք Քրիստոսի համար և մեռնում ենք դարձյալ Քրիստոսի համար: Ոմանք չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է ամբողջ կյանքում նվիրվել Աստծուն և ապրել Նրա համար. չէ՞ որ մարդն իր անձնական կյանքն ունի:

Սիրելինե’ր, այս կյանքը շատ կարճ է և շտապում է իր ավարտին: Քանի տարի էլ ապրենք, միևնույն է, կյանքը ժամանակավոր է՝ ընդամենը մի քանի տարի: Մի՞թե չի կարելի այդ մի քանի տարին նվիրել Տիրոջը: Չէ՞ որ Նա էլ Իր կյանքը նվիրեց մեզ և ապրում է մեզ համար:

 

Երբ գնանք երկինք, այլևս չենք կարող ասել, որ ապրում և գործում ենք Տիրոջ համար, որովհետև Նա արդեն ամեն ինչ արել է, որ մենք պարզապես վայելենք հավիտենականությունը:

Ես այնքան ուրախ եմ, որ կյանքս նվիրել եմ Հիսուսին և ապրում եմ Նրա համար: Ապրեմ թե մեռնեմ` ես Նրանն եմ: Եվ երբ գնամ երկինք, կտեսնեմ, որ Նա էլ ապրում է ինձ համար:

Փա˜ռք Տիրոջը: Ապրենք թե մեռնենք` մենք Նրանն ենք: Ամե՛ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: