Յուրաքանչյուրիս կյանքում լինում են օրեր, երբ ինչ-որ բանից ճնշվում, խեղճանում ենք: Այդ ժամանակ պետք է հիշել, որ Աստված չի անարգում և չի արհամարհում մարդու խեղճությունը. Նա լսում է խեղճի աղաղակը:

Խնդիրն այն է, որ մենք հաճախ չենք ցանկանում ընդունել մեր խեղճությունը, և դրանով իսկ Աստծուն թույլ չենք տալիս՝ դրսևորելու Իր զորությունը մեր կյանքում:

Մենք փորձում ենք բոլորին ապացուցել, թե ուժեղ ենք, և մեր խեղճությունը ծածկում ենք ոչ միայն մարդկանցից, այլև Աստծուց:

Մի մարդ չգիտեր, թե ինչպես վարվեր իր երեխայի հետ, ում պատճառով լուրջ խնդիրների առջև էր կանգնում: Ես նրան հարցրի. “Փորձե՞լ ես խեղճությունդ խոստովանել Տիրոջ առջև և օգնություն խնդրել Նրանից”: Պարզվեց՝ նրա մտքով չէր էլ անցել, որ կարելի է այդպիսի աղոթք անել:

Աստվածաշնչում գրված է. “…երբ որ նա աղաղակեց դեպի Նրան, Նա ականջ դրեց”: Մենք տեսնում ենք, որ Աստծուց օգնություն ստանալու համար շատ կարևոր է դիմել Աստծուն:

Սիրելինե՛ր, հրաժարվե՛ք հպարտությունից, խոստովանե՛ք ձեզ, որ այս կյանքում կան բնագավառներ, որտեղ դուք խեղճ եք: Աղաղակե՛ք Տիրոջը, խնդրե՛ք Նրա օգնությունն ու պաշտպանությունը: Երբ դուք տկար եք, Աստված զորավոր է:

Պողոս առաքյալն ասում էր, որ իր տկարության մեջ Տիրոջ զորությունը երևաց: Ձեր տկարության մեջ աղաղակե՛ք Տիրոջը և հավատացե՛ք, որ պատասխան կստանաք:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: