Որովհետև Տեր Աստվածն արև և վահան է. Տերը շնորհք և փառք է տալիս. Նա ոչ մի բարիք չի խնայում անարատությունով գնացողներից:
Սաղմոս 84.11
Շատ կարևոր է, որ քրիստոնյաներն այսօր լավ հասկանան, թե ինչ է Տիրոջ շնորհքը, և թույլ տան, որ դա գործի իրենց կյանքում:
Նախևառաջ` Աստծո շնորհքը մեզ գերբնական զորություն է տալիս՝ հաղթելու մեղքը և ապրելու սուրբ կյանքով: Այսօր զանազան ուսմունքներ կան, որոնք մարդկանց մոլորեցնում են: Այդ ուսմունքներից մեկի համաձայն` Քրիստոսին ընդունողները շնորհքի տակ են, և եթե մեղանչեն, շնորհքը կծածկի նրանց մեղքերը:
Ճիշտ է, երբ մենք Քրիստոսին ընդունում ենք, մեղքերի թողություն ենք ստանում, բայց շնորհքը ծածկոց չէ մեր մեղքերի համար: Ընդհակառակը` շնորհքի զորությամբ է, որ հաղթում ենք մեղքը, որպեսզի Աստծո առջև անբիծ ու անարատ լինենք: Ովքեր իրենց քրիստոնյա են համարում, բայց շարունակում են մեղք գործել` վկայակոչելով շնորհքը, իրականում շնորհքն ուրացած և շնորհքից զրկված մարդիկ են:
Մենք ոչ միայն փրկությունը, այլև Տիրոջ բոլոր բարիքներն ու օրհնությունները շնորհքով ենք ստանում: Ոչ ոք չի կարող պարծենալ, թե Աստված իրեն փրկել կամ օրհնել է իր գործերի և արժանիքների համար: Այն ամենը, ինչ ունենք, բացառապես Տիրոջ շնորհքով է: Նա է իմաստություն, կարողություն, ուժ, տաղանդ, հանճար տվողը:
Որտեղ սպառվում են մեր բնական կարողությունները, այնտեղ սկսում է գործել Տիրոջ շնորհքը, առանց որի՝ չենք կարող Նրան ծառայել և մեծ գործեր կատարել:
Սիրելինե՛ր, եթե ցանկանում եք վայելել Տիրոջ շնորհքն ու բարիքները, ձգտե′ք անարատությամբ ապրել Աստծո առջև, քանի որ գրված է. “…Տերը շնորհք և փառք է տալիս. Նա ոչ մի բարիք չի խնայում անարատությունով գնացողներից”: Ամե°ն:
***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: