Այսօր նորից կխոսենք Տիրոջ երկյուղի մասին: Տիրոջ երկյուղը չպետք է շփոթել սատանայական վախի, սարսափի կամ ֆոբիայի հետ, որոնցից մարդիկ շատ անգամ չեն կարողանում ազատագրվել՝ առանց Աստծո զորության: Ինչ վերաբերում է Տիրոջ երկյուղին, ապա մարդն ինքն է որոշում կայացնում` վախենա՞լ Աստծուց, թե՞ ոչ:

Աստվածավախությունն օգտակար է մեզ համար: Մենք մի քանի օր շարունակ կխոսենք այն 12 օրհնությունների մասին, որոնք ստանում ենք Աստծո վախի շնորհիվ:

Այսօրվա խոսքում ասվում է. “Որքա՜ն մեծ է Քո բարությունը, որ պահեցիր Քեզանից վախեցողների համար…”:

Զգացե՞լ եք, թե ինչ ուրախությամբ եք լցվում, երբ ինչ-որ մեկը ձեզ բարություն է անում: Պատկերացրեք, թե որքան ավելի սքանչելի կլինի, երբ Տերը ձեզ բարություն անի:

Ողջ Աստվածաշունչը լի է Տիրոջ բարության մասին պատմող օրինակներով: Նա բարի էր Իր հետևորդների և բոլոր նրանց հանդեպ, ովքեր Իրենից երկյուղ ունեին:

Սիրելինե′ր, այսօր բոլորս էլ Տիրոջ շնորհքի ու բարության կարիքն ունենք թե′ մեր երեխաներին պահելու և դաստիարակելու, թե′ ընտանեկան փոխհարաբերությունները կարգավորելու, թե′ աշխատավայրում առաջացող խնդիրները լուծելու, թե′ մյուս բոլոր հարցերում:

Եթե ուզում ենք մեր կյանքում ամեն օր և ամեն վայրկյան զգալ Տիրոջ բարությունը, երբեք չպետք է կորցնենք աստվածավախությունը, որովհետև Տիրոջ բարությունն Իրենից վախեցողների համար է պահված: Ամե′ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: