Դեկտեմբերի 12-ի և 13-ի եկեղեցական ծառայություններին քարոզեց Մոսկվայի «Կյանքի Խոսք» եկեղեցու հայկական ծառայության պատասխանատու, հովիվ Գոռ Մեխակյանը:

Տերը մեզ համար ավելի մեծ տեսիլք ունի, քան կարող ենք պատկերացնել: Հովիվ Գոռը, ներկայացնելով աստվածաշնչյան հայտնի հերոսներից Գեդեոնի կյանքը, հորդորեց չմնալ «ցորեն փախցնողի» դերում, ինչպես Գեդեոնի դեպքում էր, այլ՝ գործել Տիրոջ աջակցությամբ:

«Գեդեոնը ուներ խնդիրներ: Բոլորս էլ խնդիրներ ենք ունենում: Բայց նայի՛ր դրանց որպես խթան, հաղթանակների համար նոր հնարավորություն»,-ասաց  Գոռ Մեխակյանն ու հորդորեց թույլ չտալ, որ կասկածն ու անվստահությունը զրկեն մեզ օրհնությունից:

Քարոզչի խոսքով՝ խնդիրներ միշտ էլ ծագում են, բայց երբ գիտենք, որ Ամենակարող Աստված մեզ հետ է, ապա մեր անելիքը՝ Տիրոջը վստահելն է և խնդիրները Նրան հանձնելը:

«Գեդեոնը հաղթելու մեծ ուժ ուներ՝ Տիրոջ ներկայությունը: Բայց նա չէր կարողանում վստահել Աստծուն: Գեդեոնն անընդհատ նշաններ էր ուզում, բայց այդպես էլ չգիտակցեց, որ Ամենակալ Աստված իր հետ է»,- շարունակեց հովիվ Գոռը՝ ասելով:- Երբեմն նույնը պատահում է մեզ հետ. գործելու ու վստահելու փոխարեն` նշաններ ենք փնտրում»:

Ծառայությունից հետո ներկաները կիսվեցին իրենց ստացած տպավորություններով.

-Հրաշալի ու կարևոր խոսք էր: Ես մեկ անգամ էլ համոզվեցի, որ եթե անում ենք մեր մասը, ապա Տերը հավատարիմ է Իր Խոսքին: Նա մեր կողքին կլինի և կառաջնորդի մեզ՝ ուր էլ լինենք,- ասաց Գոհարը:

– Հաստատություն էր ինձ համար, որ երբ Աստծուց խոսք ես ստանում, պետք է նաև վստահես, որ Նա միշտ քեզ հետ է: Եվ այն գործը, որ մեզ հետ սկսում է, Նա կարող է ավարտին հասցնել,- ասաց Լուսինեն:

Եկեղեցական ծառայությունն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: