DAILY DEVOTION-am-1200-600

Իսրայելի ժողովրդի մեջ կային սպառազինյալ մարդիկ՝ պատերազմողներ, բայց չկային փառաբանողներ: Ուստի ժողովուրդը խորհուրդ է անում և սպառազինյալների առջևից փառաբանողներ ուղարկում, որպեսզի օրհնեն Տիրոջ անունը:

Մեր ժամանակներում սպառազինյալները եկեղեցու աղոթողներն են: Շատ անգամ եկեղեցում մեծ տեղ է հատկացվում աղոթքներին, իսկ փառաբանությունն անտեսվում է: Իհարկե, շատերը գիտեն, որ  եկեղեցում փառաբանություն պետք է լինի, բայց փառաբանության կարևորությունը չեն գիտակցում:

Փառաբանությունը նույնպես աղոթք է: Եթե ուզում ենք մեր երկրում տեսնել Աստծո օրհնությունն ու փառքը, աղոթողների առջևից պետք է քայլեն փառաբանողները:

Տարիներ առաջ Տերը մեզ առաջնորդեց` ստեղծելու բազմաթիվ մարդկանցից բաղկացած հզոր աղոթքախումբ: Այդ ժամանակվանից մենք ամեն օր 24-ժամյա աղոթքներ ունենք:  Անցյալ տարի Տերը խոսեց մեզ հետ, որ փառաբանողների խումբ բարձրացնենք: Իհարկե, եկեղեցում հրաշալի փառաբանության խումբ կար, սակայն ժամանակն էր, որ այդ խումբը համալրվեր նորանոր մարդկանցով, որպեսզի 24-ժամյա փառաբանություն ունենայինք: Այդ նպատակով փառաբանության դպրոց բացեցինք, որտեղ հնարավորություն ունեցան սովորելու բազմաթիվ մարդիկ, ովքեր ցանկություն ունեին նվագելու, երգելու և փառաբանելու Տիրոջը:

Սիրելի’ բարեկամ, դու նույնպես կարող ես միանալ փառաբանողների խմբին: Պարտադիր չէ, որ փառաբանության խմբում երգես: Պարզապես մի քիչ շո’ւտ արի ծառայության, պատրաստի’ր քո սիրտը և սրտանց միացի’ր եկեղեցու փառաբանությանը: Իմացի’ր, որ քո փառաբանության շնորհիվ Տիրոջ ներկայությունն է իջնում, որովհետև Տերը բնակվում է Իր ժողովրդի փառաբանության մեջ:

Աստված օրհնի քեզ: Ապրի’ր Աստծո փառքի, խաղաղության և աղոթքների մեջ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: