Երկինք գնաց մեր թանկ ու սիրելի եղբայր Կարեն Զոհրաբյանը։ Սա աննկարագրելի ցավ ու տխրություն է մեր սրտին։ Որքան էինք ցանկանում, որ նա մեզ հետ մնար, իր ընտանիքի և հարազատների կողքին․ մեզ այդպես լավ կլիներ, բայց նա հիմա Տիրոջ մոտ է, որտեղ չկա ո՛չ ցավ, ո՛չ տկարություն, ո՛չ տառապանք։ 

Ովքեր ճանաչում էին Կարենին, կասեին, որ նա Աստծուն սիրող և քաղցրությամբ լցված յուրահատուկ անձնավորություն էր, հիասքանչ ընտանիքի հայր, Աստծո հրաշալի ծառա, հովիվ և ուսուցիչ։ 
Մեզնից հեռացավ մի գանձ եղբայր. մենք աղքատացանք, բայց Երկինքն ընդունեց իր արժանավոր զավակին։ Տեր Հիսուսն ասաց․ «Ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի: Եվ ամենն, ով որ կենդանի է և Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի…» (Հովհ․ 11։25-26)։ Այս խոսքերով մխիթարենք միմյանց, որ սա ընդամենը մի կարճ բաժանում է։ Սիրելի՛ Կարեն, կհանդիպենք Երկնքում։

Ողջ եկեղեցու անունից մեր սրտի խոր ցավակցություններն ենք հայտնում Կարենի հարազատներին, ընկերներին ու բարեկամներին, և աղոթում ենք, որ Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը լինի բոլորիս հետ։

Տեղեկացնում ենք, որ Կարեն Զոհրաբյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18։00-ին, «Կյանքի Խոսք» եկեղեցու շենքում (հասցե՝ Թբիլիսյան խճ․ 22/9), իսկ հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 13։00-ին, նույն վայրից։

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: