Ստորև ներկայացնում ենք մեր եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանի տված հարցազրույցը tert.am լրատվական կայքին:

Մեր ժողովուրդն իր էությամբ ագրեսիվ և անհանդուրժող չէ, սակայն ճշմարիտ է նաև աստվածաշնչյան խորհուրդը, որ ինչ ցանես, այն էլ կհնձես: Սա Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի խոսնակ, կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Լուսյանի մեկնաբանությունն է հանդիպող կրոնական խտրական վերաբերմունքի վերաբերյալ:

«Անկախության 24 տարիների ընթացքում պատահել են թե՛ խտրականության, և թե՛ անհանդուրժողականության դեպքեր: Հասկանալի է, որ երբ կա քարոզչություն, որ բացի ազգային եկեղեցուց, մյուս բոլորն աղանդներ են և վտանգավոր, չի կարող խտրական վերաբերմունք չդրսևորվել ոչ առաքելական հավատացյալ մարդկանց, այդ թվում՝ ավետարանական ընտանիքին հարող քրիստոնյաների նկատմամբ»,- ասում է Արմեն Լուսյանը:

Նա նշում է, որ մեր ժողովուրդն իր էությամբ ագրեսիվ և անհանդուրժող չէ, սակայն ճշմարիտ է նաև աստվածաշնչյան խորհուրդը, որ ինչ ցանես, այն էլ կհնձես. «Որքան ԶԼՄ-ներն օբյեկտիվորեն լուսաբանեն կրոնական ոլորտը, որքան բարձրանա մարդկանց իրազեկությունը, որքան գիտակցվի հանդուրժողականության կարևորությունը, այնքան այս դաշտում առկա խնդիրները շատ ավելի արագ կստանան իրենց լուծումները»:

«Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի խոսնակն արձանագրում է, որ խտրականությունն ու անհանդուրժողականությունն առավել դրսևորվում են այն ժամանակ, երբ մարդիկ կա՛մ անիրազեկ են, կա՛մ՝ սխալ տեղեկացված, ինչի պատճառով հավատացյալ քրիստոնյաներին կարող են աղանդավոր պիտակավորել, խնդիրներ ստեղծել աշխատավայրերում և այլն:

Նա նկատում է, որ բարեբախտաբար, վերջին տարիներին միջադեպերը պակասել են, նկատելի է կրոնական անհանդուրժողականության հաղթահարման միտում:

«Սա չի նշանակում, որ խնդիրներ չկան, սա նշանակում է, որ խնդիրների կողքին տեսանելի է դրականը»,- ընդգծում է Արմեն Լուսյանը:

Կրոնագետը որպես դրական երևույթ է նշում այն, որ գնալով մեծ թվով ԶԼՄ-ներ փորձում են հավասարակշռված կերպով լուսաբանել կրոնական թեմաները:

«Կարևոր նշանակություն ունի, իհարկե, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած դիրքորոշումը, որ հայի ինքնությունը պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից, և որ առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը պարզապես հայ է»,- ասում է Արմեն Լուսյանը՝ հավելելով, թե կա ևս մեկ օբյեկտիվ իրողություն, որ ծառը ճանաչվում է պտղից:

«Այսօր ավելի մեծ թվով մարդիկ են անաչառ պատկերացնում «Կյանքի Խոսք» եկեղեցու գործունեությունը, ավելի են ճանաչում մեր հավատացյալներին, ինչը չի կարող դրական չազդել ընդհանուր մթնոլորտի վրա»,- նշում է Արմեն Լուսյանը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: