Yerkir.am կայքը հրահրում է կրոնական անհանդուրժողականություն

 

Օգոստոսի 31-ին Yerkir.am կայքը տարածել էր անհիմն տեղեկատվություն, թե իբր Երևանի Հալաբյան փող. 13 հասցեում ինքնասպանության փորձ կատարած անձնավորությունը «Կյանքի Խոսք» եկեղեցու հետևորդ է: Տարօրինակն այն է, որ լրատվամիջոցը նման պնդում է կատարել` չմատնանշելով ոչ մի փաստական հիմք, զուտ բավարարվելով «Yerkir.am-ի տեղեկություններով» արտահայտությամբ: Խմբագրությունը չէր պարզաբանել նաև, թե ինչու է նյութի մեջ հարկ համարել նշել տվյալ անձի ենթադրյալ եկեղեցական պատկանելությունը, և ինչ առնչություն ունի այդ հանգամանքն ինքնասպանության փորձի հետ: Մի՞թե մեր հարգարժան գործընկերները պատկերացնում են, թե ինչ վիճակագրություն կստացվի, եթե լրատվական նյութերում ամեն անգամ մատնանշվի յուրաքանչյուր հանցանք և ինքնասպանության փորձ կատարողի կրոնական պատկանելությունը:

Կայքի խմբագրությունը հրաժարվեց հրապարակել մեր հերքման տեքստը, որում մենք հայտնում էինք, որ տվյալ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ մեր եկեղեցու հովվական խնամատարության ներքո գտնվող և ոչ մի անդամի հետ նման դժբախտ դեպք տեղի չի ունեցել: Ավելին` հերքման փոխարեն խնդրահարույց լրատվանյութը ենթարկվեց վերամշակման և արդյունքում համալրվեց նոր անհիմն տեղեկությամբ` որպես աղբյուր վկայակոչելով իրավապահ մարմիններին: Եվ սա այն պարագայում, երբ ոստիկանությունն իրականացնում է նախաքննություն, և կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն առհասարկ չի տրամադրում:

Դրանից միանշանակ ակներև է դառնում, որ կայքը միտումնավոր կերպով փորձում է պատահարին հաղորդել կրոնական շարժառիթ` միայն ու միայն նպատակ հետապնդելով վարկաբեկել «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին: 

Մեր խորին համոզմամբ` լրատվամիջոցի նման պահվածքն առնվազն անընդունելի է թե̒ մասնագիտական էթիկական վարքականոնի, թե̒ հասարակության առջև ունեցած պատասխանատվության, և թե̒ իրավական առումով: Ակնհայտ է, որ նման լրատվանյութը կարող է ընթերցողների շրջանում առաջացնել կրոնական ատելություն:

Եվս մեկ անգամ հորդորում ենք Yerkir.am կայքի խմբագրությանը զերծ մնալ այսպիսի գործելաոճից և դրսևորել պրոֆեսիոնալ, օբյեկտիվ և հավասարակշռված մոտեցում:

Հարգանքով`

Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական

եկեղեցու մամուլի քարտուղարություն

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: