Артур Степанян: “Моя семья – мой первый помощник”

Wolarm.org կայքի զրուցակիցը քարոզիչ, հովիվ Արթուր Ստեփանյանն է, ով այժմ ծառայում է Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի «Աստծո եկեղեցում»՝ որպես հայկական ծառայության պատասխանատու:  Հովիվ Արթուրը օրերս Հայաստանում էր: Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցում նա անցկացրեց եկեղեցական ծառայություններ, ինչպես նաև դասավանդեց Աստվածաշնչյան դպրոցում:

Մեզ հետ զրույցում հովիվ Արթուրը պատմում է իր ընտանիքի և այն մասին, թե ինչպես է փրկվել և Ռուսաստանում ծառայելու կանչ ստացել:

Հովի՛վ Արթուր, պատմեք ձեր ապաշխարության պատմությունը: Ինչպե՞ս գտաք Աստծուն:

Ապաշխարել եմ 1990թ.-ին: Այդ ժամանակ Կարլ Գուստավ Սևերինն ու Ուլֆ Էկմանը ծառայություններ էին անցկացնում Երևանում, բայց հետո այլևս չգնացի:

Երբ եղբայրս՝ Արմեն Ստեփանյանը, և ընկերներս՝ Թագվորյան Գևորգն ու Նազարեթ Մինասյանն ապաշխարեցին, իրենց կյանքում ես լուրջ փոփոխություններ տեսա: Եվ երբ իրենց հետ գնացի եկեղեցի, հուրախություն ինձ, գտա՝ ինչ փնտրում էի: 1992 թ.-ի վերջին ես հաճախում էի եկեղեցի, իսկ 1993թ.-ին արդեն ծառայում էի:

Ինչպե՞ս ստացվեց, որ ծառայելու գնացիք Ռուսաստան:

Վերջին մի քանի տարիներին ներքուստ անհանգիստ էի: Հասկացա, որ Աստված է այդպիսի հոգեվիճակ թույլ տվել իմ կյանքում, քանի որ եկեղեցում, ընտանիքում և շրջապատում ամեն ինչ լավ էր:

Կնոջս հետ սկսեցինք աղոթել. ամեն օր երեխաներին դպրոց էի տանում, հետո կնոջս՝ Ալլայի հետ բարձրանում էինք մոտակա սար և լացելով աղոթում էինք, որ հասկանայինք, թե ուր է Տերն առաջնորդում: Այդ ընթացքում Սուրբ Հոգին հիշեցրեց հովիվ Արթուր Սիմոնյանի խոսքերից, որ սրտացավություն ունի ռուսաստանաբնակ ժողովրդի նկատմամբ: Երբ գնում էի տնային խմբակներ ու լսում էի դրսում եղող հայության մասին, սիրտս լցվում էր:  Չէի հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ: Կարծես յուրահատուկ սիրով լցված լինեի դրսում եղող հայության նկատմամբ:

Փա՛ռք Հիսուսին, որոշ ժամանակ անց հասկացա, որ պետք է գնանք Ռուսաստան՝ տեղի հայությանը ծառայելու: Իմ և Ալլայի սրտում հստակ Յարոսլավլ գնալու մեծ ցանկություն կար: Բայց երբ այդ թեմայով խոսեցինք հովիվ Արթուր Սիմոնյանի հետ, խնդրեցինք, որ ինքն առաջարկի՝ ուր գնալ: Հովիվ Արթուրն էլ հաստատեց մեր սրտի ցանկությունը և առաջարկեց Յարոսլավլ գնալ:

Ի՞նչ ծառայություններ եք  իրականացնում  Յարոսլավլում:

Ես և կինս հովվական ծառայության մեջ ենք, որդիս՝ կարգ ու կանոնի ծառայության մեջ է: Աղջիկս փառաբանության պատասխանատուն է: Փոքր տղաս տնային խմբակի ավագ է: Ամեն շաբաթ ունենում ենք աղոթքի ծառայություն, իրականացնում ենք գթության ծառայություն: Եկեղեցում գործում են նաև տնային խմբակներ, փառաբանության, ֆինանսական ծառայություններ: Ունենք մանկական ծառայություն, որի շրջանակներում երեխաներին սովորեցնում ենք հայոց այբուբենը, քանի որ անհրաժեշտությունը կա:  Եկեղեցում կա նաև պարի խումբ:

Պարբերաբար կազմակերպում ենք միջոցառումներ՝ նվիրված ընտանիքի, սուրբծննդյան, մայրերի տոներին:

Դուք ծառայում եք եկեղեցում ամբողջ ընտանիքով: Ներկայացրե՛ք, խնդրեմ, ի՞նչ է նշանակում ամբողջ ընտանիքով ծառայել եկեղեցում:

Ներկայացնելու բառեր չեմ գտնում: Երանություն է ծառայել Տիրոջն ամբողջ ընտանիքով: Հրաշալի է, երբ բոլորս միասին քննարկում ենք եկեղեցական ծառայության հետ կապված նոր ծրագրեր: Իմ ընտանիքը կարծես ծառայողական հասուն կազմ լինի, իմ առաջին օգնականն է:  Առաջին անգամ Ռուսաստանում եմ լսել «քահանայական ընտանիք» եզրույթը, ու պարզապես հրաշալի է գիտակցել, որ դա հենց իմ ընտանիքի մասին է:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: