Եթե Աստված բարի է և սիրող, ինչո՞ւ է չարիք թույլ տալիս:

Հաճախ է հնչում «ինչո՞ւ» հարցը այս կամ այն դժբախտությունից հետո: Հիշի՛ր, որ Աստված աշխարհն ու մարդուն կատարյալ ստեղծեց: Սակայն այդ կատարյալ մարդուն տրված էր նաև ազատ ընտրություն կատարելու իրավունք: Երբ Ադամը որոշեց չհնազանդվել Աստծուն, մեղքը, մահն ու տառապանքը դարձան նրա կյանքի անխուսափելի ուղեկիցները: Հռոմեացիներին ուղղված թղթի 5․12-ում գրված է․ «Երբ Ադամը մեղք գործեց, մեղքը մտավ ողջ մարդկային ցեղի մեջ: Ադամի մեղքը մահ բերեց, ուստի մահը տարածվեց յուրաքանչյուրի վրա, քանի որ յուրաքանչյուր ոք մեղանչեց»:

Գուցե ասես․ «Բայց ես չեմ ընտրել մեղքը, Ադամն է ընտրել»: Աստվածաշունչն ասում է, որ «բոլորը մեղանչեցին ու Աստծո փառքից պակասեցին» (Հռոմեացիներին 3․23):  Իսկ Հակոբոս 4․1-ում գրված է, որ «չար ցանկությունների մի հոծ բանակ է պատերազմում մեր ներսում»: Միևնույն ժամանակ Աստված մեզ տվել է օրինավոր կյանքով ապրելու չափանիշներ, որոնք գրված են Իր օրենսգրքում՝ Աստվածաշնչում: Ու երբ այդ չափանիշները խախտում ենք՝ չարիքը վրա է հասնում: Ուստի չարիքը թույլ է տալիս ոչ թե Աստված, այլ՝ մենք ինքներս:

Միշտ չէ, որ մենք կարող ենք հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ այս կամ այն ողբերգությունը, բայց մենք ճանաչում ենք Նրան, Ով ի զորու է անցկացնելու մեզ ամեն ինչի միջով: Նա խոստացել է. «Երբ որ ջրերից անցնես, քեզ հետ կլինեմ, և եթե գետերով՝ նրանք քեզ չեն ողողի․ երբ որ գնաս կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չպիտի վառի, որովհետև Ես՝ Տերս, քո Աստվածն եմ….» (Եսայի 43․2-4):