Ես նախկինում փորձել եմ եկեղեցի գնալ, բայց, կարծում եմ, դա ինձ համար չէ:

Հարց չպարունակող քո այս հայտարարությունը մի քանի պատճառ կարող է ունենալ. ասում ես, որ եկել ես եկեղեցի, բայց հետո «համոզվել ես», որ դա քո տեղը չէ… իսկ մտածե՞լ ես, ինչո՞ւ ես քո այս հարցադրմամբ շարունակում ինքդ քեզ համոզել, որ կայացրածդ որոշումը ճիշտ էր: Աստվածաշունչն ունի պատասխան, որովհետև՝ «հոգին հոժար է, իսկ մարմինը տկար» (Մաթևոս 26.41): Քո հոգին քեզ ստիպում է խորհել նորից-նորից Աստծո հետ քո փոխհարաբերության մասին, որովհետև քո հոգին ճանաչում է հոգիներ Ստեղծողին:

Եվ երբ որոշում ես կայացնում ենթարկվել հոգուդ կանչին ու գնալ եկեղեցի, դու անմիջապես դառնում ես սատանայի թիրախը, նա գործի  է դնում իր ամբողջ զինանոցը՝ քեզ համոզելու, որ եկեղեցին քո տեղը չէ, որ աշխարհիկ կյանքը, «քաղցր մեղքերը» կանչում են քեզ, որ դու դեռ երիտասարդ ես, իսկ կյանքը եռում է… իսկ նա խաբում է, որպեսզի ևս մեկ հոգու իր հետ գեհեն տանի. սա է 2000-ամյա խաբեբայության փորձ ունեցող սատանայի միակ նպատակը:

Իսկ հիմա չհնչեցրածդ հարցի պատասխանը. Ինչո՞ւ է պետք եկեղեցի գալ. նախ՝ որովհետև Աստած է մեզ պատվիրել «մեկտեղ հավաքվելը չթողնել» (Եբրայեցիբերին 10.25) և որովհետև «հավատքը լսելուց է և լսելը Աստծո խոսքից» (Հռոմեացիներին 10.17):

Ու երբ հոգիդ մարմնիդ դարձյալ կստիպի եկեղեցի գնալ, իսկ սատանան քեզ հազարումի պատճառ կբերի չգնալու համար, դու պարզապես բարձր հնչեցրու Հիսուս Քրիստոսի անունը, սատանան կփախչի, որովհետև մեծ զորություն կա Տիրոջ անվան մեջ ու անօրենը սարսափում է Նրա անունից: Տիրոջ անունը քրիստոնյաների հաղթական զենքն է: