Ինչո՞ւ ես պետք է եկեղեցի գամ, այնտեղ շատ կեղծավորներ կան:

Հաճախ եկեղեցի չգալն այսպես են պատճառաբանում այն մարդիկ, որոնք ցանկանում են շարունակել իրենց կյանքը խավարում, խուսափում են Հիսուս Քրիստոսի լույսից: Հիսուսը չի ասում՝«հետևիր եկեղեցուն» կամ «հետևիր մարդկանց»: Հիսուսն ասում է․ «Հետևիր Ինձ» (Մատթեոս 9․9, Մարկոս 8․34, Հովհաննես 12․26):

Աստված մարդուն ազատ ընտրության իրավունք ու հնարավորություն է տվել: Դու կարող ես մեղք գործել, այսինքն՝ ընտրել այն, ինչ հակասում է Աստծո պատվիրաններին ու կարող ես նաև սուրբ ապրել՝ հնազանդվելով Տիրոջը:  Իսկ եկեղեցին սրբերի հանդիպման վայր չէ, այլ «հիվանդանոց» է մեղավորների համար: Մեծագույն մեղքը Աստծուն «ոչ» ասելն է:

Եկեղեցում, իհարկե, կհանդիպես կեղծավոր մարդկանց, քանի որ բոլորս էլ մեղավոր ենք, այդ թվում և դու: Սակայն կհանդիպես նաև այնպիսիներին, որոնք ջանասիրաբար փորձում են ապրել Հիսուս Քրիստոսի ուսմունքի համաձայն: 

Հիմա ընտրությունը դարձյալ քոնն է՝ կամ Աստծուն ասա «ոչ» ու շարունակիր ապրել Տիրոջ լույսից ու ներկայությունից հեռու՝ խավարում, կամ արի եկեղեցի, նայիր Նրան՝ մեր հավատքի զորագլխին, որ քեզ հրավիրում է Իրեն հետևելու: