Ինչպե՞ս կարող է սիրող Աստված դժոխք ուղարկել մարդկանց:

Մեկընդմիշտ հիշի՛ր,Աստված ոչ ոքի դժոխք չի ուղարկում: Մարդկանց դժոխք ուղարկելը երբեք Նրա ծրագիրը չի եղել: Դժոխքի ճամփան մարդն է ընտրում՝ Աստծուն չհնազանդվելով: Եվ իրականում, Աստծո սիրտը ցավում է, երբ Իր պատկերով ստեղծված մարդը հավիտենական կյանքի ու մահվան միջև գիտակցաբար ընտրում է  երկրորդը՝ դժոխքը:  

Ի սկզբանե դժոխքը չէր ստեղծվել մարդկանց համար, այլ սատանայի, որը, հրեշտակ լինելով հանդերձ, ապստամբեց Աստծո դեմ: Մատթեոս 25․41-ում Հիսուսն ասում է, որ հավիտենական կրակը պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար: Սուրբ Գիրքը նաև սովորեցնում է, որ Տերը երկայնամիտ է մեր նկատմամբ, որովհետև չի ուզում, որ որևէ մեկը կորչի, այլ՝ որ բոլորը ապաշխարության գան» (Բ Պետրոս 3․9): Աստված ուղարկեց Հիսուսին՝ մահանալու մեր փոխարեն, որպեսզի կամուրջ կառուցեր մեղավոր մարդկանց և Սուրբ Աստծո միջև:

Դու կհայտնվես դժոխքում միայն այն դեպքում, երբ մերժես այն, ինչ Հիսուսն արել է քեզ համար: