top of page

Ո՞վ ենք մենք

Մենք ավետարանական հավատքի քրիստոնյաներ ենք։ Մեր փափագն է տարածել Ավետարանի Բարի լուրը և Հիսուս Քրիստոսի սերն ու բարությունը փոխանցել յուրաքանչյուրին։

Եկեղեցու գոյության 30 տարիների ընթացքում համայնքներ են ձևավորվել Հայաստանի տասնյակ քաղաքներում և գյուղերում, ինչպես նաև արտերկրում։

Աղոթքը, երկրպագությունը, Ավետարանի քարոզչությունն ու գթությունը մեր աստվածապաշտության և ապրելակերպի անբաժան մասն են։ Մենք քարոզում ենք խաչված և հարություն առած Հիսուս Քրիստոսի մասին։

Եթե կունենաք հարցեր կամ հոգևոր զրույցի կարիք, կցանկանաք միանալ մեր հավաքույթներին, պատրաստ ենք սիրով արձագանքելու։

Մենք

Արթուր և Լուսինե Սիմոնյաններ

Արթուր և Լուսինե Սիմոնյաններն արդեն 30 տարի է, ինչ հովվում են Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին։ Նրանց անձնվեր ծառայության շնորհիվ հազարավոր մարդիկ իրենց կյանքերը նվիրել են Աստծուն, վերականգնվել են բազմաթիվ կոտրված կյանքեր, բարձրացել է նվիրված ծառայողների մեծ բանակ, հիմնադրվել են տասնյակ եկեղեցիներ Հայաստանում և արտերկրում՝ Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ռուսաստանի Դաշնությունում և ԱՄՆ-ում։

Երևանի եկեղեցու անդամների և հաճախողների թիվը հասել է մոտ 10000-ի։


Հովիվ Արթուր Սիմոնյանը նաև «Կյանքի խոսք» եկեղեցիների միջազգային համագործակցության խորհրդի անդամ է, հետխորհրդային տարածաշրջանի «Կյանքի Խոսք» եկեղեցիների եպիսկոպոս։ Նա միջազգային խոսնակ է և առաքելական աշխատանք է իրականացնում աշխարհի տարբեր շրջաններում՝ լինելով հարյուրավոր հովիվների հոգևոր խորհրդատու Հայաստանում և արտերկրում։
Նա «Ընտանիք», «Քույրեր», «Օրհնված իրականությո՞ւն, թե՞ անիծված թատրոն» և այլ հայտնի քրիստոնեական գրքերի ու հեռուստատեսային հաղորդումների հեղինակն է, ինչպես նաև «Պարգևների և կոչման՝ Մահանայիմ դպրոց»-ի հիմնադիրը, որը գործում է 2018 թվականից։ Այս նախաձեռնության նպատակն է օգնել քրիստոնյա հավատացյալներին բացահայտելու իրենց պարգևները և դրանցով ծառայելու Աստծուն:

 

Երիտասարդների հետ աշխատանքը հովիվ Արթուր և Լուսինե Սիմոնյանների ծառայության առաջնահերթություններից է, քանի որ եկեղեցին պետք է առողջ սերնդափոխություն կատարի և հաջողությամբ առաջ ընթանա։ Անհրաժեշտ է, որ ավագ սերունդը, պատասխանատվությամբ զինված, ամբողջապես փոխանցի իր փորձն ու գիտելիքները երիտասարդ սերնդին։ Ուստի կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, դպրոցներ, սեմինարներ, հանդիպումներ հովվի գլխավորությամբ՝ երիտասարդ ծառայողների, հովիվների նոր սերունդ բարձրացնելու համար:

01

Շուրջօրյա

պաշտամունք 24/7

«Կրակը սեղանի վրա միշտ վառած լինի, պիտի չհանգչի» (Ղևտացիս 6.13):

02

Տարածել
Ավետարանի խոսքը

«Գնացե՛ք ամբողջ աշխարհը, Ավետարանը քարոզե՛ք ամեն արարածի» (Մարկոս 16.15):

03

Օգնել

կարիքավորներին

«Քո ժողովուրդը բնակվեց այնտեղ, Քո քաղցրությունով կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ո՛վ Աստված» (Սաղմոս 68.10):

04

Աստծո ժողովրդին

կրթել հոգևոր գիտությամբ

«Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չունենալու պատճառով» (Ովսե 4.6):

Մեր նպատակը

Մեր գործունեությունը

Սոցիալական հայեցակարգ

Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցին քրիստոնեության ավետարանական շարժին պատկանող եկեղեցի է, որը չի առաջացել ուրիշ եկեղեցուց անջատման արդյունքում, այլ ունի լիովին ինքնուրույն ծագում։ 1988-1990 թթ․ լինելով միասին աղոթող հավատացյալ քրիստոնյաների մի խումբ՝ ժամանակի ընթացքում դարձել է հազարավոր հետևորդներ ունեցող եկեղեցի։ Մենք դավանում ենք Սուրբ Երրորդություն՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Մեր հավատի և դավանանքի հիմքը 66 կանոնական գրքերից բաղկացած Աստվածաշունչ մատյանն է։

bottom of page