top of page

Աստված Արարիչն է ամենի: Աստված Սուրբ Երրորդություն է՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Ոչ թե երեք աստվածներ, այլ մեկ Աստված՝ երեք Անձով։ Նա է ճշմարիտ Լույսը: Աստված սիրող Հայր է, բայց միևնույն ժամանակ Նա՝ որպես արդար Դատավոր, ատում է մեղքը և դատապարտում: Նա սուրբ է, արդարություն և իրավունք պահող, բայց նաև բազմագութ և ողորմած է Իր ամբողջ արարչության հանդեպ: Մեր Տերն ամենակարող ու ամենագետ Աստված է, և ոչ մի դժվար բան չկա Նրա համար: Նա է Բարձրյալ Աստվածը և բնակվում է խոնարհ սրտերում:

Ո՞վ է Աստված

Հիսուսն Իր մասին ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»: Նա Աստծո Որդին է և Աստված է։ Նա եկավ այս աշխարհ՝ ծնվելով կույս Մարիամից, ապրեց սուրբ կյանքով, խաչվեց մեր մեղքերի համար, հարություն առավ մեռելներից և նստեց Երկնային Հոր աջ կողմը՝ ստանալով ամբողջ իշխանությունը երկնքում և երկրի վրա: Նա է Տերն ու Տիրակալը ամբողջ երկրի:

Ո՞վ է Հիսուսը​

Հիսուսն ասաց, որ երբ գնա Երկնային Հոր մոտ, կուղարկի Մխիթարիչին՝ Սուրբ Հոգի Աստծուն, որը կմնա մեզ հետ հավիտյան: Սուրբ Հոգին մեր Օգնականն է, Ուսուցիչն ու Մխիթարիչը: Բոլորս Տիրոջ առաջնորդության, քաջալերանքի կարիքն ունենք, ուստի պետք է բաց լինենք Սուրբ Հոգու մեղմ ձայնը լսելու և մյուս ձայներից զանազանելու համար: Հիսուսը խոստացավ, որ մեզ որբ չի թողնի։ Մենք ընդունել ենք Որդեգրության Հոգին, Որն առաջնորդում է մեզ ամեն ճշմարտության մեջ:

Ո՞վ է Սուրբ Հոգին

Մարդն Աստծո արարչագործության պսակն է և Աստծո ստեղծած մյուս արարածներից առանձնանում է նրանով, որ ստեղծվել է Նրա պատկերով և նմանությամբ, օժտվել ազատ կամքով և ընտրության հնարավորությամբ, ունի պատճառաբանելու և տրամաբանորեն մտածելու կարողություն։ Արարիչն Իր ստեղծարար ունակությունով է օժտել մարդկանց, և վերջիններս ստեղծագործում են՝ նորամուծություններ բերելով այս աշխարհ։ Մարդը ստեղծվել է՝ փառավորելու ոչ թե ստեղծվածին, այլ ՍՏԵՂԾՈՂԻՆ։

Ո՞վ է մարդը

Ավետարանը բարի լուր է այն մասին, որ Աստված ներում է մեր մեղքերը և շնորհում է մեզ հավիտենական կյանք Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի խաչելության և հարության շնորհիվ։ Երբ իսկապես զղջում ենք և հրաժարվում մեր մեղքերից, շրջվում դեպի մեր Արարիչը, ընդունում ու դավանում, որ Հիսուս Քրիստոսը մեր Տերն ու Փրկիչն է, ստանում ենք հոգու փրկություն և հավիտենական կյանք։ Մենք դառնում ենք Նրա զավակները:

Ավետարանն Աստծո զորություն է՝ փրկելու մարդկանց այս մեղավոր աշխարհից և  փոխադրելու Աստծո Որդու արքայության մեջ։ Այս մասին մենք կարդում ենք Աստվածաշնչում, որն Աստծո Սուրբ Հոգով ներշնչված նամակն է մարդկությանը։

Աստվածաշունչ, Ավետարան

Մեղքը՝ Աստծո կողմից սահմանված օրենքների, պատվիրանների, կանոնների խախտումն է, որոնք ամրագրված են Աստվածաշնչում։ Բոլոր մեղքերը մեր սեփական կամքի այն արտահայտումներն ու դրսևորումներն են, որոնք հակառակ են հենց այդ պատվիրաններին: Երբ խոստովանում ենք Տիրոջ առջև մեր մեղքերն ու հանցանքները,

Հիսուսի արյունը ջնջում է դրանք և մեզ սուրբ ու անարատ դարձնում:

Ի՞նչ է մեղքը

Հիսուս անունը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Աստված է փրկությունը»: Հիսուսը եկավ այս աշխարհ՝ փրկելու մարդկությանը մեղքերից: Ամեն մարդ, որ կանչի Տիրոջ անունը, կփրկվի: Աստված թանկ գին է վճարել մարդկության համար, որպեսզի նրանք հավիտենությունն անցկացնեն Իր հետ Իր արքայության մեջ: Արդարացումն Աստծո կողմից արված մի իրավական քայլ է, որով Տերը մեղավորին Իր առջև անմեղ է ճանաչում: Նա կամենում է, որ յուրաքանչյուր մարդ ընդունի Իր հետ հաշտվելու հնարավորությունն ու հավիտենական կյանք ստանա։

Ի՞նչ է փրկությունը

Եկեղեցին պարզապես շինություն կամ տաճար չէ. եկեղեցին Հիսուս Քրիստոսին հավատացողներն են ու Նրա գալստյանը սպասողները: Աստծո Խոսքն ասում է, որ այն նաև Քրիստոսի մարմինն է և հարսն այս երկրի վրա։ Տիրոջ Խոսքը պատվիրում է չթողնել միասին հավաքվելը: Աստված ամենուրեք ունի տեղական եկեղեցիներ, որտեղ մարդիկ պարբերաբար հավաքվում են՝ լսելու և սովորելու Աստծո Խոսքը, դրանով զորանալու, իրենց աղոթքները միաբան բարձրացնելու Տեր Հիսուսին՝ սպասելով ու պատմելով Տիրոջ գերբնական հրաշքները:

Ի՞նչ է եկեղեցին

Լինել քրիստոնյա՝ նշանակում է ոչ միայն հավատալ Հիսուս Քրիստոսին, այլև դառնալ Նրա աշակերտը։ Աշակերտը նա է, ով լսում, սովորում և կատարում է Ուսուցչի՝ Տեր Հիսուսի խոսքերը։ Հենց աշակերտներն առաջին անգամ Անտիոք քաղաքում կոչվեցին քրիստոնյաներ։ Ճշմարիտ աշակերտ է նա, ով հարատևում է աստվածային սիրո մեջ:

Աշակերտություն

Աղոթքն Աստծո հետ հաղորդակցվելն ու Նրան լսելն է։ Արարված լինելով Աստծո պատկերով և նմանությամբ՝ մենք ունակություն ունենք շփվելու ոչ միայն մարդկանց, այլև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Ճշմարիտ աղոթքն այն է, երբ մեր կամքը համահունչ է Աստծո կամքին, և մենք այդ կամքին համապատասխան խնդրանքներ ենք ուղղում մեր Արարչին։ 

Ի՞նչ է աղոթքը

Աստված ստեղծեց մարդուն՝ Իրեն ճանաչելու, սիրելու և երկրպագելու ունակությամբ: Երկրպագությունը կրում է Աստծուն ակնածանք ցուցաբերելու գաղափարը, որով մենք հռչակում ենք Նրա արժանի լինելը: Աստծուն երկրպագել նշանակում է պատվել, մեծարել և փառավորել Նրան:

Ի՞նչ է երկրպագությունը

Յուրաքանչյուր երեխա, լույս աշխարհ գալով, ունի հոգատարության, սննդի, հագուստի և այլ կարիքներ: Նույնպես էլ մարդը, երբ վերստին ծնվում է Աստծուց, կարիք ունի համապատասխան պայմանների, որպեսզի ոչ միայն գոյատևի, այլև աճի և զարգանա հոգևորապես: Հոգևորապես աճելու հիմնական պայմանը հոգևոր սնունդն է՝ Աստծո Խոսքը: Շատ կարևոր է նաև աղոթքը՝ հաղորդակցությունը Երկնային Հոր հետ, ինչպես նաև հնազանդությունն այն ամենին, ինչ Տերն ասում է այդ հաղորդակցության ժամանակ: Գոհությունն ու հնազանդությունն ապահովում են շարունակական հոգևոր աճ մեր ամբողջ կյանքի ընթացքում:

Ինչպե՞ս հոգևորապես աճել   

Քրիստոնեական կյանքի հիմքերը

bottom of page