Փրկության աղոթք
Սիրելի՛ ընթերցող,
Աստվածաշունչ մատյանում գրված է, որ այն պահից, երբ առաջին մարդիկ՝ Ադամն ու Եվան, չհնազանդվեցին Աստծո պատվերին՝ ուտելով արգելված պտուղը, մեղքն ու մահը, չարչարանքն ու տանջանքը մտան աշխարհ (Ծննդոց 3)։ Եվ հազարամյակների ընթացքում մարդկային սերունդներն ապրում էին Աստծո հետ թշնամանքի մեջ։ Բայց Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, խաչվեց մեզ համար և հարություն առավ՝ վճարելով մեր մեղքերի պատիժը խաչի վրա։ Նա Իր արյամբ ազատեց մեզ մեղքի ու մահվան կապանքներից (Կողոսացիս 1․13, 14)։ Ուստի հորդորում ենք հաշտվել Աստծո հետ, որովհետև մեղքը թշնամություն է մարդու և Աստծո միջև։
Աստվածաշնչում գրված է, որ Հայր Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ Իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, տվեց մեզ համար, որպեսզի ով որ հավատա Նրան, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհաննես 3․16, 17): Եթե այսօր սրտումդ հավատաս, որ Հիսուս Քրիստոսը խաչվեց ու հարություն առավ, և շուրթերովդ Նրան Տեր դավանես, կապրես, կփրկվես (Հռոմեացիս 10․9, 10): Հավատալով աղոթի՛ր այս աղոթքը․
Սիրելի´ Հայր, ես խոստովանում եմ, որ մեղավոր մարդ եմ։ Հավատում եմ ողջ սրտով, որ Հիսուս Քրիստոսը խաչվեց, մահացավ և հարություն առավ իմ մեղքերի համար։ Նա կրեց մեղքերիս պատիժն իմ փոխարեն, որպեսզի ես փրկվեմ: Ուստի խնդրում եմ՝ ների՛ր իմ մեղքերը, մաքրի՛ր ինձ և դարձի՛ր իմ Տերն ու Փրկիչը:
Հիսո´ւս, շնորհակալություն խաչի վրա թափված Քո արյան համար:
Այսօրվանից իմ կյանքը տալիս եմ Քեզ։
Առաջնորդի՛ր և լցրո՛ւ ինձ Քո Սուրբ Հոգով։
Ես ունեմ Քո օգնության կարիքը:
Ամե՛ն:
Շնորհավորում ենք քեզ, սիրելի՛ ընթերցող, մեր թանկագին Փրկչի հետ հաշտվելու որոշման և քայլի համար։ Աստծու Խոսքն ավելի խորությամբ ուսումնասիրելու համար կարող ես կապ հաստատել մեզ հետ։
Աստված առատապես օրհնի, առաջնորդի և պահապան լինի քեզ։